Մատչելիության հղումներ

Ապրիլի 2-ին Հայաստանում «ժողովրդավարությունը ջախջախվեց»


Կոռուպցիան իր բոլոր դրսևորումներով այս տարի ամենավառն արտահայտվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ․ այսօր նման գնահատական հնչեցրեցին մի շարք մասնագետներ «Կոռուպցիան և անվտանգության մարտահրավերները» թեմայով քննարկման ընթացքում։

Արատավոր այս երևույթի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ բանախոսներն արձանագրեցին՝ ապրիլի 2-ին Հայաստանում ժողովրդավարությունը ջախջախվեց կաշառքի և վարչական ռեսուրսների շարահաշման հետևանքով։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյան․ - «Ընտրությունները ամբողջացրեցին և մեզ հնարավորություն տվեցին հասկանալու, թե ինչ է նշանակում համակարգված կոռուպցիա: Իշխանությունը, կամ պետությունը ցույց տվեց, թե ինչպես կարելի է կոռուպցիոն համակարգերը կամ մեխանիզմները օգտագործելով՝ հասնել նպատակին»:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյան․ - «Մեր երկրում ժողովրդավարությունը՝ որպես ամենակարևոր հատկանիշներից մեկը մարդու իրավուքների պաշտպանության, գոյություն չունի»:

Մասնագետները պնդում են, որ քաղաքական կոռուպցիան ամենավատ երևույթն է, և հիշեցնում դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ կապված պատմությունը, որը ջրի երես հանեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը:

Խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ կազմակերպությունը հայտարարել էր, որ հարյուրից ավելի տնօրեններ խոստովանել են, որ Հանրապետականի համար ընտրողների ցուցակներ են կազմել՝ հանձնելով դրանք մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ։

Կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն այսօր ասաց, որ իրենք բացահայտածը մի ամբողջ կոռուպցիոն բուրգ էր․ - «Իհարկե, ընտրությունները 2017 թվականի բոլորի հիշողության մեջ կմնան հենց կոռուպցիոն դրսևորմամբ, որի մի փոքր մասը մենք կարողացանք բացահայտել»:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» 2016 թվականին անցկացրած ուսումնասիրության մեջ ընդգրկվել էին հայաստանցիների կարծիքով ամենակոռումպացված կառույցների և անձանց անունները։ Առաջին տեղում են պետական պաշտոնյաները, երկրորդում՝ նախագահի աշխատակազմը։ Դրան հաջորդում են դատական համակարգը, ոստիկանությունը, հարկային մարմինները։

Կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասում է, որ թեև սա հասարակության կարծիքն է, բայց ինքն էլ անձամբ համոզված է, որ երկրում առկա համակարգային կոռուպցիայի դեմ պայքարելու համար քաղաքական կամք է պետք․ - «Խնամի-ծանոթ-բարեկամ, հովանավորչություն և այլ երևույթները, որոնք շատ արմատացած են մեր երկրում, այս ամենը իսկապես պետական կառավարման համակարգը դարձնում են բավականին անարդյունավետ»:

Հոկտանյանի համոզմամբ՝ կոռուպցիայի արմատացմանը նպաստում է առկա անպատժելության մթնոլորտը։

Մինչդեռ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը պնդում է, որ Կառավարությունն այս տարի լուրջ բարեփոխումներ է արել, որոնք կնպաստեն դրա դեմ արդյունավետ պայքարին։

Առաջինը՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումն է, երկրորդը՝ ազդարարների համակարգի ներդրումը, ապա հայտարարագրման ինստիտուտի ընդլայնումն ու ապօրինի հարստացման քրեականացումը․ - «Կառավարությունը շարունակական քայլեր է անում այս ուղղությամբ: Ավելին ասեմ՝ մենք արդեն խոսում ենք ոչ միայն օրենսդրության, այլ պրակտիկ քայլերի մասին: Որովհետև արդեն իսկ սեպտեմբերին լրացուցիչ կոնտինգենտը, որ հայտարարագրման գործընթացում ներգրավվել է, հայտարարագրերը տվել են: Բացի դրանից, արդեն մենք աշխատանքներ ենք կատարում ազդարարման ոլորտի ենթաօրենսդրական ակտերի, և մենք կունենանք անանուն հաղորդագրություն ներկայացնելու հնարավորությունը մինչև հաջորդ տարվա հունիս»:

Փոխնախարարը պնդմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից հասարակությունը դեռ բավարար չի գնահատում արդարադատության համակարգի աշխատանքը։ Բայց նախարարությունը ձեռքերը ծալած չի նստում։

Սակայն անկախ մասնագետներն ու իրավապաշտպանները հակառակն են պնդում՝ հատկապես դատական համակարգում խախտումներն աղաղակող են, իսկ կոռուպցիայի դեմ պայքարելու համար ստեղծված գործիքները չեն աշխատելու։

«Բոլոր, այսպես կոչված, անկախ կառույցները՝ Հատուկ քննչական ծառայություն, Քննչական կոմիտե, Ազգային անվտանգության ծառայություն, Ոստիկանություն, ուղղակիորեն ենթարկվում են մեկ մարդու և նրա ցուցումով են գործում: Ինչքան նա ուզում է խոսել Հատուկ քննչական ծառայությունում և այլն․․․ դա խոսում է միամիտների համար: Իրականում այնտեղ նստածները շատ լավ գիտեն այդ խոսքի արժեքը», - ասաց Ավետիք Իշխանյանը:

Կարեն Կարապետյանի հետ կապված հույսերն էլ, ըստ փորձագետների, չարդարացան: Որպես օրինակ նրանք բերում են այն հանգամանքը, որ վարչապետ նշանակվելուց հետո նա մեկ օրում ապահովեց «Գազպրոմում» աշխատող հազարավոր անձանց անդամակցությունը իշխող Հանրապետական կուսակցությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG