Մատչելիության հղումներ

Երկրաշարժից հիմնովին ավերված Լեռնապատում անհրաժեշտ տների կեսն էլ չի կառուցվել

Լեռնապատ, դեկտեմբեր, 2017 թ․
Լեռնապատ, դեկտեմբեր, 2017 թ․

Լոռու մարզի Լեռնապատ գյուղը 1988-ի երկրաշարժից գրեթե հիմնովին ավերվել է։ Գյուղում 132 մարդ է զոհվել: Հարակից տարածքում նոր գյուղ կառուցելու նախաձեռնությունն այդպես էլ չի իրականացվել: Երկրաշարժից հետո կազմված հերթացուցակով գյուղում մոտ 400 տուն պետք է կառուցվեր։ Անցած 29 տարիներին անգամ դրա կեսը չի կառուցվել, բայց տան կարիք ունեցողների թիվը նվազել է տարիների ընթացքում հերթացուցակը քիչ-քիչ «մաղելու» միջոցով։

Լեռնապատի գյուղապետ Սարիբեկ Աբազյանն ասում է. «Ինչ-ինչ պատճառներով դուրս մնացողներ եղել են, այժմ ունենք 94 շահառու, որոնց պետությունը դեռ պետք է բնակարանային փոխհատուցում տա»: Այս տարվա սկզբին 33 լեռնապատցի ընտանիք մեկ սենյականոց բնակարանի հաշվարկով պետությունից 3 միլիոն դրամի չափով փոխհատուցում է ստացել։ Գյուղապետը տվյալներ չունի, թե այդ ընտանիքների որ մասն է կարողացել ընդամենը 6000 դոլարով տուն ձեռք բերել կամ կառուցել: Նրանցից շատերն այսօր էլ տնակներում են ապրում։

Գյուղապետ Սարիբեկ Աբազյանն ասում է՝ վերջին տարիներին հերթացուցակները ևս 44-ով նվազել են, բայց ոչ թե տուն կառուցելու կամ փոխհատուցելու, այլ ընտանիքների կարիքները վերանայելու միջոցով։ «Սկզբնական շրջանում իրենց բնակարանները դասվել ա 4-րդ կարգի վթարային բնակարանների շարքում, հետո վերագնահատում ա եղել, մոտ 40 տուն 4-րդ կարգից դարձել ա 3-րդ կարգ, այսինքն՝ դուրս են մնացել ցուցակներից»,- ասաց գյուղապետը: Նրա խոսքով՝ մի ուրիշ խնդիր էլ կա՝ այդպես էլ նոր գյուղ չդարձած թաղամասում անցած տարիներին կառուցված 147 տների կեսը դեռ անբնակ է․ «Նոր բնակարանների մոտ գոմեր, արոտավայր չկա․․․ անբարենպաստ ա էլի ժողովրդի համար»:

Այդ նույն թաղամասում լեռնապատցի Գառնիկ Աբազյանի տան շինարարությունն օտարերկրացի շինարարներն 90-ականներին սկսել, բայց այդպես էլ ավարտին չեն հասցրել: Սակայն, ըստ Աբազյանների, Լեռնապատի նախկին գյուղապետը «անձնական հաշվեհարդար տեսնելու համար» այն ներկայացրել է որպես ավարտված տուն, և ընտանիքը դուրս է մնացել պետության աջակցության բոլոր ծրագրերից, անգամ՝ աղքատության նպաստից։ Այսօր՝ 29 տարի անց տարեց ամուսինները դատարան են դիմել, դռնեդուռ ընկել՝ տան կարիք ունեցողների ցուցակներում ընդգրկվելու համար։

«Մենք տեղյակ չենք եղել, վկայականն 8 տարի գյուղապետի մոտ ա եղել, վերցնելուց հետո նայում են ասում են՝ բնակելի տուն ա սա, իրավունք ունեք ապրեք, մնում ա մի լամպ դնեք ու ապրեք: Բանից պարզվում ա՝ լուսամուտ չկա, դուռ չկա, ոչ մի բան չկա»,- ասում է Գառնիկ Աբազյանը: Այսօր ընտանիքը հույս չունի, թե անգամ դատարանի՝ իրենց օգտին վճռի կայացման դեպքում պետությունը կստանձնի քարե պատերն ու տանիքը տուն դարձնելու պարտավորությունը։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG