Գյումրիում կյանքի որակը միանշանակ փոխվելու է, այսօր Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը, առանց հստակեցնելու, թե երբ կստեղծվեն խոստացված աշխատատեղերը կամ երբ, ի վերջո, ամբողջովին կհաղթահարվի անօթևանության խնդիրը:
«Մենք ունենք համալիր ծրագիր, կոնկրետ տնակների վերաբերյալ ես այս պահին ժամեկտներով չեմ պատասխանի, բայց Գյումրիում կյանքի որակը միանշանակ փոխվելու է: Մենք ռեգուլյար, ամեն օր պետք է աշխատենք, որպեսզի այստեղ կյանքը փոխվի և իրականում փոխվելու է: Այն պրոբլեմները, որ այսօր Գյումրին ունի, մեր ժողովուրդն ունի, հաղթահարելի են: Ուղղակի պետք է լավատեսությամբ դրան նայել և համապատասխանաբար աշխատել: Ամեն օր աշխատատեղերի բացման ուղղությամբ ենք աշխատում, պայմաններ ենք ստեղծում, որ բիզնեսը գա աշխատատեղ ստեղծի, ենթակառուցվածքների հատուկ ծրագիր ունենք»,- ասաց վարչապետը:
Երկրաշարժի զոհերի հուշարձանի մոտ այսօր առավոտից արդեն ծաղկեպսակներ էին դրվել նախագահի, երկրորդ նախագահի, վարչապետի, պատգամավորների ու տարբեր կառույցների անուններից: Կարեն Կարապետյանը կառավարության նիստը հետաձգել էր ու Գյումրի եկել: Ժամը 11:41-ին՝ ճիշտ այն պահին, երբ տեղի ունեցավ 1988-ի աղետը, Շիրակի թեմի առաջնորդը հոգեհանգստյան կարգ մատուցեց՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի: Միքայել եպիսկոպոս Աջապահյանը դիմելով հավաքվածներին, ասաց, որ հաջորդ տարի՝ երկրաշարժի 30-րդ տարելիցին ի վերջո պետք է փակել աղետի գոտու էջը:
«Մեզ՝ գյումրեցիներիս ու բոլորիս անհրաժեշտ է դառնում աշխատանք, գործ, քրտինք և լավատեսություն, որպեսզի, տա Աստված, բոլորիս աշխատանքով, համառությամբ, տքնանքով, նվիրումով, զոհողությամբ 30-րդ տարելիցը փակենք վերջնականապես մոռացած աղետի հետևանքները»- ասաց , Շիրակի թեմի առաջնորդը:
Կառավարությունը երկրաշարժից անօթևան ընտանիքների նկատմամբ իր պարատավորությունն ավարտված է համարում, նշելով, որ 29 տարվա ընթացքում ավելի շատ բնակարան է կառուցվել, քան քանդվել է երկրաշարժի հետևանքով: Սակայն անօթևանների հերթացուցակում դեռ 708 ընտանիք կա, նաև՝ սեփական տներ կորցրած ընտանիքներ կան, որոնց այդպես էլ չեն փոխհատուցել:
Վարչապետին այսօր մի 27-ամյա երիտասարդ մոտեցավ, ներկայացավ որպես զոհված ազատամարտիկի որդի ու անմիջականորեն հենց վարչապետից փորձեց ստանալ հարցի պատասխանը, թե ինչու կառավարությունը մինչ հիմա իրենց բնակարանով չի ապահովել: Վարչապետն արձագանքեց՝ «Թղթերը տվեք, ձեզ պաշտպանության նախարարությունը կպատասխանի»:
Գյումրիում տեղի ուժերով վերջերս տնակների հաշվառում է իրականացվել: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տվյալներով՝ ժամանակավոր կացարաններում դեռ 2399 ընտանիք է ապրում: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ասում է՝ պետք է ճշտել, թե այդ ընտանիքներն ինչպես են հայտնվել տնակներում, նոր խոսել պետության պարտավորության մասին:
«Եթե մեկն ապրում է Գյումրիի կողքի գյուղերից մեկում և 3 տարի առաջ եկել Գյումրիում առել է տնակ, իսկ այդ տնակից ինչ-որ մեկը բնակարան է ստացել, ապա ակնկալել, որ պետությունը գյուղից եկած ու այդտեղ ապրողի համար պետք է բնակարանային կարիք հոգա, արդյո՞ք դա ազնիվ ակնկալիք է»,- հարց տվեց Խաչատրյանը:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը մի քանի տարբերակ է տեսնում քաղաքը տնակներից ազատելու հարցում: Դրանցից մեկը սոցիալական բնակարանների կառուցումն է: «Օրինակ՝ կարող ենք տնակի տակի հողը տրամադրենք մարդուն, մարդը հիպոտեկայինի վարկով բնակարան կառուցի»,- ասաց քաղաքապետը:
Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը կարծում է, որ պետության համար 3000 ընտանիքի բնակարանով ապահովելու հարցը մեծ բեռ չէ: Ասում է՝ ցանկանության դեպքում խնդիրը հնարավոր է 4 տարում լուծել: «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանն էլ նշում է՝ եթե անօթևանների հարցը չլուծվի, ապա աղքատությունն ու թշվառությունը տնակային ավաններում ավելի կխորանա:
1988-ի երկրաշարժին Գյումրիում ավերվել է 20 հազար 612 բնակարան, ևս 3 հազար 547-ը դարձել է վթարային: Խորհրդային Միության վերջին տարիներին աղետից մեծապես ավերված քաղաքում կառուցվեց 4 հազար 500 շենք: 29 տարիների ընթացքում Գյումրիում տարբեր ֆինանսական աղբյուրներով բնակարանով ապահովվել է 21 հազար 185 ընտանիք: