Մատչելիության հղումներ

Վաշինգտոնի խորհուրդը քննարկում է ՌԴ դեսպանատան դիմացի հրապարակը Նեմցովի անունով կոչելու նախագիծը


Վաշինգտոնում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ
Վաշինգտոնում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ

Վաշինգտոնում քննարկում են Ռուսաստանի դեսպանատան հանդիպակաց հրապարակը Բորիս Նեմցովի անունով կոչելու մասին օրինագիծը:

Միացյալ Նահանգների մայրաքաղաքի քաղաքային խորհուրդը քննարկում է Ռուսաստանի դեսպանատան հանդիպակաց հրապարակը ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, երկու տարի առաջ Մոսկվայում սպանված Բորիս Նեմցովի անունով կոչելու մասին օրինագիծը:

«Մենք ոչ ոքի ոչնչում չենք մեղադրում: Սա պարզապես մեր անվանի հայրենակցի հիշատակի օրն է», - չորեքշաբթի օրը Վաշինգտոնի քաղաքային խորհրդում բաց լսումների ժամանակ հայտարարել է Նեմցովի զինակից, ռուսաստանցի ընդդիմադիր Վլադիմիր Կարա-Մուրզա կրտսերը:

Վաշինգտոնի քաղաքային խորհրդի ղեկավար Ֆիլ Մենդելսոնն էլ ընդգծել է, որ նախաձեռնությունը ռուսաստանյան իշխանությունների դեմ ուղղված քաղաքական ակցիա չէ, այլ Բորիս Նեմցովի՝ ժողովրդավարական Ռուսաստանի համար պայքարի խորհրդանշական ճանաչում:

Վաշինգտոնի խորհուրդը պատրաստվում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում քվեարկել օրինագիծը: Հավանության արժանանալու դեպքում այն կուղարկվի քաղաքապետին՝ ստորագրության համար: Ակնկալվում է, որ արդեն փետրվարին Վաշինգտոնը Նեմցովի անունով հրապարակ կունենա:

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ քննադատության է ենթարկել նախաձեռնությունը՝ հայտարարելով, թե այդ կերպ «շահարկում են» սպանված քաղաքական գործչի անունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG