Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն որևէ կասկած չունի` Միխեիլ Սաակաշվիլիին և թիմակիցներին վերաբերող վերջին բացահայտումները համապատասխանում են իրականությանը: Այդ մասին Ուկրաինայի ղեկավարը հայտարարեց երեկ` Լվով այցի ժամանակ: Դա Պորոշենկոյի առաջին մեկնաբանությունն էր Վրաստանի նախկին նախագահի ձերբակալության անհաջող փորձից հետո:
«Կարծում էի, որ ինձ շատ դժվար է զարմացնել: Սակայն այն, ինչի ականատեսը դարձանք երեկ, ցնցեց ողջ երկիրը: Ես անչափ երախտապարտ եմ Անվտանգության ծառայության և դատախազության աշխատակիցներին` Ուկրաինայի ազգային շահերի և պետականության պաշտպանությանն ընթացքում ցուցաբերած բարձր մասնագիտական կարողությունների համար», - հայտարարում էր Ուկրաինայի նախագահը՝ պնդելով, որ իրավապահները չտրվեցին սադրանքներին, իսկ Սաակաշվիլիի և նրա թիմակիցների գլխավոր նպատակը արյունահեղությունն էր:
Հիշեցնենք, Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը երկու օր առաջ փորձեց բերման ենթարկել այժմ Կիևում բնակվող Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին, սակայն նրա կողմնակիցները կարողացան խափանել իրավապահների ձեռնարկած հատուկ գործողությունը: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը պնդում է, որ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժման» կազմակերպած բողոքի վերջին գործողությունները ֆինանսավորվում են Ռուսաստանից: Խոսքը մասնավորաբար Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մերձավոր զինակիցների մեկի` 2014 թվականից Մոսկվայում բնակվող օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի մասին է: Որպես ապացույց՝ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն դեկտեմբերի 5-ին Գերագույն ռադայի պատգամավորներին ներկայացրեց Սաակաշվիլիի թիմակիցների և Կուրչենկոյի հեռախոսազրույցների ձայնագրությունը:
Պետրո Պորոշենկոյի համոզմամբ՝ Սաակաշվիլիի գործողությունները կամա թե ակամա նպաստում են երկրում իրավիճակն ապակայունացնելուն ուղղված Մոսկվայի ռազմավարությանը:
«Թշնամին այժմ հիմնական շեշտը դնում է թիկունքից հասցված հարվածների վրա: Նրանք ցանկանում են ապակայունացնել իրավիճակը երկրում, պայթեցնել երկիրը ներսից: Այդ նպատակով նրանք ջանք չեն խնայում, ոչ էլ փողի պակաս ունեն: Բայց մեր զինված ուժերը դրա համար չեն պահում ճակատային գիծը, որպեսզի թշնամին գործի խոր թիկունքում», - հայտարարում էր Ուկրաինայի նախագահը:
Միխեիլ Սաակաշվիլին, սակայն, կտրականապես հերքում է ներկայացվող բոլոր մեղադրանքները:
Վրաստանի նախկին նախագահի կողմնակիցները շարունակում են բողոքի ակցիա անցկացնել Ուկրաինայի խորհրդարանի շենքի առջև` պահանջելով, որպեսզի Գերագույն ռադան սկսի Պետրո Պորոշենկոյի պաշտոնազրկման` իմպիչմենտի գործընթացը: