Մատչելիության հղումներ

Փաշինյանը՝ հայաստանցիներին. «Դուք լավ չեք ապրելու, սա ձեր ընտրության արդյունքն է»


Հաջորդ տարվա բյուջեի նախագծին «Ելք»-ն ու «Ծառուկյան» խմբակցությունները դեմ են քվեարկելու։

«Դուք լավ չեք ապրելու, սա ձեր ընտրության արդյունքն է, վայելե՛ք», - դիմելով հայաստանցիներին՝ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

ՀՀԿ-ն, ասաց պատգամավորը, իր ձայների 90 տոկոսը ստացել է ընտրակաշառքով, ուստի չի կարող շահագրգռված լինել, որպեսզի ժողովուրդը լավ ապրի։

«Էս իշխանությանը, էս կուսակցությանը հարկավոր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին 10 հազար դրամին «կակա» ասի։ Էս երկրում որևէ բան չի փոխվի, սիրելի քաղաքացիներ, քանի դեռ դուք վերցնում եք 10 հազար դրամ, 15 հազար դրամ և գնում եք, քվեարկում եք ընտրակաշառքով։ Դուք դրանով կայացնում եք ձեր դատավճիռը։ Դուք շարունակելու եք մնալ աղքատ, շարունակելու եք մնալ անպաշտպան, շարունակելու եք մնալ գաղթական։ Այն իրականության մեջ եք շարունակելու մնալ, ինչ իրականության մեջ մենք այսօր ապրում ենք», - ասաց Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ 2018-ը լինելու է թանկացումների տարի։ «Հիմա ինչպե՞ս է արձագանքում կառավարությունն այս իրավիճակին։ Կարող ենք ասել, որ կառավարությունն այս իրավիճակի նկատմամբ խորը արհամարհանք է ցուցաբերում։ Ընդ որում, այս արհամարհանքը ոչ թե ուղղակի այդպես պլատոնական արհամարհանք է, այլ շատ կոնկրետ, որովհետև 2018 թվականի բյուջեի նախագծով՝ կենսաթոշակները չեն ավելանում, ընտանեկան նպաստները չեն ավելանում, բյուջետային հիմնարկների աշխատավարձերը չեն ավելանում»։

Հաջորդ տարվա բյուջեի նախագծին «Ելք»-ը դեմ է քվեարկելու։ Ընդդիմադիր մյուս՝ «Ծառուկյան» խմբակցությունը՝ նույնպես, հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյան, արխիվ
Նաիրա Զոհրաբյան, արխիվ

Երբ կառավարությունը նոր էր ստանձնել իր լիազորությունները, ըստ Զոհրաբյանի, լավատեսական մեսիջներ էր հղում հանրությանը՝ կոռուպցիայի, տնտեսական մենաշնորհների դեմ պայքարի, հավասար մրցակցային պայմանների ապահովման մասին:

«Այսօր ունենք այդ հայտարարությունների զրո արդյունք», - նկատեց պատգամավորը՝ շարունակելով. - «Որովհետև այս կառավարությունը չկարողացավ, չունեցավ այնքան քաղաքական համարձակություն, չունեցավ այնքան քաղաքական խիզախություն, որ կտրի այն արատավոր ճյուղը, որի վրա շատ հանգիստ, ապահով նստած են տնտեսական մոնոպոլիստները, նստած են նրանք, ովքեր թույլ չեն տալի, որ շնչի, նստած են նրանք, ովքեր անընդհատ անբարեխիղճ դեմպինգ են անում, որպեսզի որևէ մեկ այլ, որը չի պատկանում այս կլանին և այս թիմին, կարողանա մտնել տնտեսական շուկա, չկարողացան կտրել այդ ճյուղը, որովհետև այդ ճյուղի վրա նստեցին շատ ավելի բարենպաստ իրենք և իրենց թիմի շատ նեղ ներկայացուցիչները»։

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ ընտրությունների մասին ամբիոնից հնչած գնահատականներին. - «Եթե դուք բոլորդ հիշում եք, շատ մեծ գոհունակություն էին արտահայտում բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այդ արգելքը հաղթահարել էին և եկել էին Ազգային ժողով։ Ընտրությունների ժամանակ որևէ քաղաքական ուժի կողմից, որևէ վստահված անձի կողմից, որևէ հանձնաժողովի անդամի կողմից չի եղել որևէ բողոքարկում։ Եղել են դիտորդների կողմից մի քանի բողոքարկումներ։ Հետընտրական որևէ պրոցես չի եղել, որևէ ցույց, միտինգ չի եղել, ընդամենը եղել է մեկ դիմում Սահմանադրական դատարան, դա ՀԱԿ խմբակցության անունից է եղել՝ երեք կետից բաղկացած, այսինքն՝ բոլորը գոհ էին իրենց արդյունքներից։ Իսկ ինչ մնում է ընտրակաշառքների հետ կապված, ես խնդրում եմ բոլորդ ի նկատի ունեցեք և նորից մոնիթորինգ արեք, թե ում ռեսուրսներն, ինչքան էին, և որտեղից էին այդ ռեսուրսները։ Եթե դուք ասում եք իշխանական ռեսուրսների մասին, այդ դեպքում, որտեղի՞ց էին ձեր ռեսուրսները, որ կարողանում էիք այդ ձայներն ապահովել»։

Վահրամ Բաղդասարյան, արխիվ
Վահրամ Բաղդասարյան, արխիվ

Բյուջեի նախագծին կողմ իշխանական կոալիցիայի ներկայացուցիչները՝ Հանրապետականն ու ՀՅ Դաշնակցությունը պնդում էին՝ կառավարությունը ներկայացրել է կայունացման, իրատեսական, տնտեսական հիմքեր ապահովող բյուջեի նախագիծ։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց․- «Մեծ հաշվով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հստակ ասում է՝ «եկեք ինքներս ազնիվ լինենք մեր առջև և ընդունենք, որ այս պահին, այսքանն է մեր հնարավորությունների սահմանը», բայց այն նաև ասում է՝ «մեր ունեցածը պետք է այնպես ծախսել, որ հաջորդ տարիներին կարողանանք ասել՝ մեր ուժերի սահմաններն ինքներս ենք մեծացրել»։

Ընդդիմադիրներն այսօրվա իրենց ելույթներում հիշեցնում էին շուրջ 30 տոկոսանոց աղքատության, սպասվող թանկացումների ու չավելացող թոշակ-աշխատավարձերի մասին։

Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի հանրապետական նախագահ Հակոբ Հակոբյան աղքատության դեմ պայքարի լավագույն ճանապարհը տնտեսական աճը համարեց։

Հակոբ Հակոբյան, արխիվ
Հակոբ Հակոբյան, արխիվ

«Իսկ տնտեսական աճը կապված է ներդրումներից, այ դրա համար պետական բյուջեում կառավարությունը թոշակները չի ավելացրել, աշխատավարձը չի բարձրացրել, բայց ներդրումների քանակն ավելացրել է», - ասաց Հակոբյանը։

Պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանականները մոտ 110 առաջարկ են ներկայացրել: Չնշելով, թե դրանցից քանիսն են ընդունվել՝ Ֆինանսավարկային, բյուջետային հանձնաժողովի հանրապետական նախագահ Գագիկ Մինասյանն ամփոփեց՝ հաջորդ տարվա ֆինանսական փաստաթուղթը լրամշակվել է, ավելացել են թե՛ եկամուտները, թե՛ ծախսերը շուրջ մեկական միլիարդ դրամով։

Գագիկ Մինասյան, արխիվ
Գագիկ Մինասյան, արխիվ

«Պետական բյուջեի լրամշակված տարբերակում նախատեսվում են եկամուտներ 1 տրիլիոն 308 միլիարդ դրամ՝ 2017 թվականի 1 տրիլիոն 210 միլիարդ դրամի դիմաց, 1 տրիլիոն 465 միլիարդ դրամ՝ 2017 թվականի 1 տրիլիոն 360 միլիարդ դրամի դիմաց», - ասաց Մինասյանը։

Բյուջեի նախագծի քվեարկությունը, ինչպես այսօր հայտարարվեց, տեղի կունենա ուրբաթ օրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG