Մատչելիության հղումներ

Սպանություն Երևանում․ «Նիսան»-ում հայտնաբերվել է 38-ամյա տղամարդու դին՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով


Ատրճանակ, արխիվ
Ատրճանակ, արխիվ

Դեկտեմբերի 6-ին ժամը 00.05 ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հարավ-արևմտյան Բ-4 թաղամասի ծննդատան մոտակայքում ավտոմեքենա է այրվում, սրահում մահացած քաղաքացի կա:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ մեկնած օպերատիվ խումբը Բաբաջանյան փողոցի թիվ 13/2 հասցեի մոտ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերել է 1979 թվականին ծնված Արշակ Գալստյանի դիակը` հրազենային վնասվածքներով: Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է 5.45 տրամաչափի 6 պարկուճ:

«Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում ճշտվել է կասկածյալի ինքնությունը: Կան բերման ենթարկված անձինք: Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի որոնողական միջոցառումները շարունակվում են: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն», - ասված է հաղորդագրությունում:

Քննչական կոմիտեն, իր հերթին, հաղորդում է, որ Արշակ Գալստյանի սպանության դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք) 1-ին մասով, ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ կատարված սպանությանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը, դերակատարության աստիճանը պարզելու ուղղությամբ:

«Փորձագետների կողմից դիակի զննության նախնական տվյալներով՝ հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել նախաբազկին և բազկին, ձախ ուսագոտու շրջանում, պարանոցի ձախ կեսի կողմնային, կրծքավանդակի ձախ կեսի առաջային, պարանոցի աջ կեսի վերին երրորդի կողմնային, աջ ուսագոտու մակերեսին: Դեպքի վայրի զննությամբ՝ ավտոմեքենայի շրջակայքից հայտնաբերվել և առգրավվել է թվով 6 հատ 5.45մմ տրամաչափի պարկուճ, իսկ ավտոմեքենայի առջևի աջ նստատեղի վրա՝ մեկ գնդակ», - մանրամասներ է փոխանցում Քննչական կոմիտեն:

«Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Գալստյանի ուղղությամբ հրազենային կրակոցներն արձակվել են մեկ այլ ավտոմեքենայի մեջ գտնվող անձի կողմից, պարզվել է ավտոմեքենայի մակնիշը, կրակոցներ արձակած անձի ինքնությունը, վերջինիս առնչությունը տուժողի հետ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ», - ասված է ՔԿ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG