Մատչելիության հղումներ

Հետխորհրդային երկրների նախագահներից ռուսաստանցիները ամենից շատ վստահում են Լուկաշենկոյին, ապա՝ Նազարբաևին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև, արխիվ

Հետխորհրդային տարածքի պետությունների նախագահներից ռուսաստանցիների շրջանում ամենամեծ վստահությունը վայելում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Դա են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի` ВЦИОМ-ի անցկացրած վերջին հարցման տվյալները:

Երեկ հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն, ռուսաստանցիները առավել դրական են տրամադրված ԱՊՀ անդամ երկու պետությունների` Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդեպ: Ալեքսանդր Լուկաշենկոյի վարկանիշը ռուսաստանցիների շրջանում 62, իսկ Նուրսուլթան Նազարբաևինը` 56 տոկոս է:

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ВЦИОМ-ի կազմած այս ցուցակում զբաղեցնում են համապատասխանաբար 3-րդ և 4-րդ հորիզոնականները՝ Իլհամ Ալիևին վստահում է ռուսաստանցիների 12, իսկ Սերժ Սարգսյանին` 11 տոկոսը: Ուշագրավ է, սակայն, որ Սարգսյանի վարկանիշը Ռուսաստանում վերջին չորս տարիներին գրեթե քառապատկվել է՝ 2013-ին Հայաստանի նախագահին վստահում էր ռուսաստանցիների միայն 3 տոկոսը:

Ռուսաստանի բնակիչների շրջանում վարկանիշի առումով հետնապահները Պետրո Պորոշենկոն, Էմոմալի Ռահմոնը և Շավքաթ Միրզիյոևն են: «Ուկրաինայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահների վարկանիշը Ռուսաստանում չի գերազանցում 3 տոկոսը», - պնդում են հետազոտության հեղինակները:

ВЦИОМ-ի մասնագետները նաև փորձել են պարզել, թե ինչպես են շարքային ռուսաստանցիները ընկալում նախկին խորհրդային հանրապետությունները Մոսկվայի հետ հարաբերությունների համատեքստում: Այստեղ ևս առաջատարների քառյակը նույնն է: Հարցվածների 64 տոկոսի համոզմամբ՝ միջազգային ասպարեզում Ռուսաստանի ամենավստահելի գործընկերը Բելառուսն է, 57 տոկոսի համոզմամբ` Ղազախստանը, Հայաստանը որպես վստահելի գործընկեր է բնութագրում ռուսաստանցիների 16, Ադրբեջանը` 10 տոկոսը:

ВЦИОМ-ի սոցիոլոգները նաև ցանկացել են պարզել, թե հետխորհրդային տարածքի որ պետություններն են ռուսաստանցիները համարում առավել հաջողակ և կայուն: Այս առումով ևս Հայաստանի վարկանիշը Ռուսաստանի բնակիչների շրջանում բավական բարձր է՝ Հայաստանը որպես կայացած և կայուն պետություն է ընկալում հարցված ռուսաստանցիների 16 տոկոսը: Այս ցուցանիշով Հայաստանը երրորդ տեղում է` զիջելով միայն Բելառուսին և Ղազախստանին: Ռուսաստանցիների 14 տոկոսը նույն կարծիքն ունի Ադրբեջանի, ևս 10 տոկոսը` Վրաստանի մասին:

Որպես հետխորհրդային տարածքի ամենաձախողված պետություն էլ ռուսաստանցիները մատնանշում են Ուկրաինան: Ուշագրավ է, սակայն, որ դեռ չորս տարի առաջ` մինչև երկկողմ հարաբերությունների կտրուկ վատթարացումն ու Ղրիմի բռնակցումը, Ռուսաստանի բնակիչների 21 տոկոսը տրամագծորեն հակառակ տեսակետն ուներ` բնութագրելով Ուկրաինան որպես կայուն և կայացած պետական կազմավորում:

XS
SM
MD
LG