Իրանական ծագմամբ թուրք գործարարը ամերիկյան դատարանում նոր մանրամասներ է պատմել՝ թուրքական իշխանություններին մեղադրելով կաշառակերության մեջ:
Վկայակոչելով սեփական փորձը՝ մեծահարուստ գործարար Ռեզա Զարաբը երեկ Նյու Յորքի դաշնային դատարանում մասնավորապես պատմել է, որ 2013 թվականին՝ Ռեջեփ Էրդողանի վարչապետության տարիներին, կաշառք է տվել թուրքական իշխանություններին՝ բանտից ազատվելու համար, որում պահվում էր կոռուպցիայի մեղադրանքով: Զարաբը, սակայն, չի հստակեցրել, թե որքան կաշառք է տվել և ում: Պաշտոնական Անկարան առայժմ չի արձագանքել այս հայտարարություններին:
Նախկինում ոսկու առքուվաճառքով զբաղվող 34-ամյա Զարաբը ավելի վաղ ինքնախոստովանական ցուցմունք էր տվել և ընդունել, որ մի խումբ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների հետ օգնել է Իրանին շրջանցել ամերիկյան պատժամիջոցներն ու շուրջ մեկ միլիարդ դոլարի շահույթ ստանալ նավթի և գազի վաճառքից: Գործարարը թվարկել է մի խումբ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, այդ թվում՝ Ռեջեփ Էրդողանի, պնդելով, թե նրանց թողտվությամբ են իրականացվել այդ խոշոր գործարքները 2010-2015 թվականներին:
Իրանի նկատմամբ ամերիկյան միակողմանի պատժամիջոցները ենթադրում էին նաև զրկել Թեհրանին SWIFT համակարգից, ինչի պատճառով էլ Իրանը, որն այն ժամանակ նավթ էր մատակարարում Թուրքիային, չէր կարողանում իր ապրանքի դիմաց վճարը ստանալ: Այդ գումարները փոխանցվում էին «Հալք» բանկին: Զարաբի խոսքով՝ ինքը օգնել է թուրքական պետական բանկում պահվող այդ գումարներով ոսկի գնել, որը մաքսանենգ ճանապարհով ուղարկվել է Դուբայ և կանխիկ վաճառվել, ստացված գումարներն էլ ուղարկվել են Իրան:
Բացի այդ, ինչպես պնդում է Զարաբը, կային նաև փողերի փոխանցման այլ մեխանիզմներ, որոնք իրականացվում էին Թուրքիայի այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի և «Հալք» բանկի կառավարիչ Սուլեյման Ասլանի օգնությամբ:
Անկարան կտրականապես հերքում է այս մեղադրանքները և գործը որակում որպես «դավադրություն Թուրքիայի դեմ»: Ըստ թուրքական իշխանությունների՝ Զարաբի միջոցով Վաշինգտոնը ցանկանում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել, մինչդեռ ինչպես անցյալ շաբաթ հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը՝ Թուրքիայի և Իրանի միջև առևտուրը «համապատասխանում է թե՛ իրենց թե՛ միջազգային օրենսդրությանը»:
Թուրքական իշխանություններն, այդուհանդերձ, չեն թաքցնում իրենց անհանգստությունը ամերիկյան իրավապահների ուշադրության տակ գտնվող այդ գործի հետ կապված: Թուրքիայի դատախազությունը որոշել է սեփական հետաքննությունն անցկացնել Թուրքիայի իշխող վերնախավի մութ գործարքների մասին բարձրաձայնող Զարաբի գործով: Ինչպես հաղորդում է «Անադոլու» թուրքական պետական գործակալությունը, ոստիկանությունն արդեն իսկ 17 մարդ է ձերբակալել, ովքեր հիմնականում Զարաբի նախկին ենթականերն են, որոնք իբր գյուլենականների կողմից կեղծված գաղտնի փաստաթղթեր են փոխանցել Միացյալ Նահանգներին:
Պաշտոնական Անկարան պնդում է, որ ամերիկյան դատախազությունը Զարաբի գործով հիմք է ընդունել փաստաթղթեր, որոնք կեղծվել են ԱՄՆ-մ բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի աջակիցների կողմից: Թուրքական իշխանությունները Գյուլենին համարում են անցյալ տարվա հեղաշրջման անհաջող փորձի գլխավոր կազմակերպիչը:
«Այս գործը միջազգային հեղաշրջման փորձին է վերաբերում, որի ետևում կանգնած են գյուլենականները»,- այսօր իր կուսակիցների հետ հանդիպմանը հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով այս օրերին ընդդիմախոսների քննադատության թիրախում է հայտնվել Զարաբի ցուցմունքների պատճառով: Թուրք գործարարը ոչ միայն Ռեջեփ Էրդողանի, այլև նրա ընտանիքի այլ անդամների, այդ թվում՝ որդու անունն է հնչեցրել կոռուպցիոն գործարքների մասին ցուցմունք տալիս: