Ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման գլխավոր հարցը ուկրաինական ճգնաժամի կարգավորումն է, հայտարարել է Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հանթսմանը «Կոմերսանտ FM»-ին տված հարցազրույցում:
«Ուկրաինան ծայրահեղ կարևոր է Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորման տեսնակյունից, այստեղ է թաքնված պատժամիջոցները վերանայելու բանալին», - ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը՝ մանրամասնելով․ - «Մենք այստեղ էական առաջընթաց չենք տեսնում, մինչդեռ սա այն խնդիրն է, որը կարող էր նոր թափ հաղորդել Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններին, համենայն դեպս՝ Նահանգներում այն այդպես է ընկալվում»:
Ամիսներ առաջ Նահանգներից Մոսկվա տեղափոխված դիվանագետը կրկնել էր այս ուղերձը նաև օրեր առաջ՝ Սանկտ Պետերբուրգի հեռոուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում:
«Կարծում եմ՝ ժամանակը կբարելավի մեր հարաբերությունները, եթե մենք անկեղծ լինենք: Առաջին հերթին՝ անկեղծորեն ընդունենք, թե ինչ խնդիրների պատճառով է ստեղծվել այս իրավիճակը, կարողանանք ազնվորեն խոսել ուկրաինական ճգնաժամի ու Նահանգներում անցկացված վերջին ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին», - ասել էր նա:
Նահանգների դեսպանն ընդգծել է՝ Վաշինգտոնում ուզում են բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Ես Նահանգներում չեմ տեսել գեթ մեկին, սկսած նախագահ Թրամփից, որ չխոսի այս մասին, բոլորն են ասում, որ մենք պետք է հավելյալ ջանքեր գործադրենք այս ուղղությամբ», - ռուսական մեկ այլ պարբերականի՝ «Վեդոմոստի»-ին ասել է Հանթսմանը, միաժամանակ փաստելով, որ ներկայումս երկու գերտերությունների միջև վստահությունը գտնվում է գրեթե զրոյական մակարդակի վրա:
«Չէի ուզենա առանձնացնել մեկ պատճառ, սակայն պետք է ասեմ, որ դրանում մեծ դեր է խաղացել միջամտությունը Նահանգների վերջին նախագահական ընտրություններին : Կարծում եմ՝ Ռուսաստանում թերագնահատում են դրա ազդեցությունը թե՛ բուն ընտրությունների, թե՛ մարդկանց վրա», - ասել է ամերիկացի դեսպանը՝ մանրամասնելով․ - «Ամերիկյան քաղաքականության մեջ երկրի նախագահի ընտրության համակարգը սուրբ է, և մեզ համար կարևոր է հավատալ, որ այն վստահելի է ու անթերի: Այդ համակարգը խարխլելու ցանկացած փորձ ամերիկացիների համար ծայրահեղ անընդունելի ու ցնցող ոտնձգություն է»:
Պաշտոնական Մոսկվան շարունակում է ամենաբարձր մակարդակով հերքել պնդումները, թե որևէ կերպ միջամտել է ամերիկյան ներքաղաքական անցուդարձին: «Մեզ մեղադրում են առանց փաստերի ու ապացույցների», - պնդում է Կրեմլը:
Արձագանքելով այդ հայտարարություններին՝ Ռուսաստանում Նահանգների դեսպան Ջոն Հանթսմանն ասել է. - «Ամերիկյան հետախուզական հանրությունը՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն, Կենտրոնական հետախուզական վարչությունը, Ազգային անվտանգության գործակալությունը և մյուսները, այս հարցում միակարծիք են: Իմ հիշողության մեջ սա շատ եզակի դեպք է, որ բոլոր հետախուզական գործակալությունները որևէ հարցում այսպես համակարծիք լինեն, և այդ փաստը իրականում ազդել է շատ ամերիկացիների, կոնգրեսականների ու առաջնորդների դիրքորոշման վրա»: