Մատչելիության հղումներ

Դեբեդցիները խուսափում են քաղաքականությունից խոսել


Լոռու մարզի Դեբեդ գյուղում վերջին 20 տարիներին ոչ մի նոր տուն չէր կառուցվել։ Այսօր գյուղում հիմքից տուն է կառուցվում։ Շինարարներն էլ հենց դեբեդցիներն են։ Լավ աշխատավարձ ենք ստանում, գոհ ենք՝ ասում են, բայց ափսոսում, որ կառուցողը գյուղացի չէ, տունը որպես ամառանոց է կառուցվում․ - «Դրսից եկած մարդ ա, իրա համար տուն ա սարքըմ»:

Գյուղում լքված տների հաշիվը բոլորը գիտեն։ Դեբեդցի ամուսիններ Դաթիկոն ու Սեդան տան ջահելներին հազվադեպ են տեսնում՝ առիթից առիթ․ - «Հաշված 30-40 տղա ստեղից Ռուսաստան են ապրում: Բա գյուղը դատարկ չի՞․․․ 50 հատ տուն կա դատարկ: Ով հարստանում ա, գնում ա քաղաքն ա ապրում, քյասիբն էլ մնում ա ըստի, էրկու կով ա պահըմ, յոլա գնում էլի»:

Լավ ապրելու հույսը Դեբեդում կորցրել են։ Երիտասարդների համար Սմարթ կենտրոն են կառուցում, գուցե տարիներ հետո դրա պտուղները վայելեն, բայց այսօր կենսաթոշակի հույսին ապրող տարեցները հաշվարկում ու ասում են՝ պետությունից ստացած չնչին կենսաթոշակն ամսվա կեսին արդեն լրիվ սպառվում է․ - «Հաղորդելիս ըլեք, կասեք ժըղովուրդը պահանջում ա, որ թոշակնին բըրձրացնեք։ Թե չէ սենց ապրիլ չի ըլիլ: Ո՛չ կեր, ո՛չ խմի, ո՛չ ծախսի, ո՛չ լավ շոր հագի....»

Գյուղացիները, սակայն, քաղաքականությունից խուսափում են խոսել․ - «Ուզում ես ինձ աքսորիլ տաս, աղջիկ ջան: Քշերը քնած տեղը կգան կսպանեն կգնան: Կասեն՝ դու ի՞նչ իրավունք ունես էսպիսի բաներ ասես»:

Համայնքի ավագանու երիտասարդ անդամ Աշոտ Ղազարյանը համոզված է, որ տեղական ինքնակառավարման մարմինները գյուղերում մեծ անելիք չունեն, և իրավիճակը փոխելու հնարավորությունները քիչ են․ - «ՏԻՄ-ը, որպես մարմին ընտրված, չունի էդ հնարավորությունը: Խղճուկ դոտացիա ա ստանըմ, մի կերպ մանկապարտեզ ա պահում, մեկ էլ՝ ապարատի ծախսեր»:

Իսկ համայնքների խոշորացումը, որ կառավարությունը որպես իրավիճակը փոխելու հնարավորություն է տեսնում, ավագանու անդամի համոզմամբ, Հայաստանի գյուղերի համար չէ․ - «Մենք դեռ չենք աճել էնքան, որ կարիքից դրդված էդ խոշորացմանը գնանք: Է, փոխեցին տասներկուամյա կրթական համակարգ, ի՞նչ տվեց․․․ չկա դասարան, չկա դասատու, չկա դասագիրք․․․ իմաստը ո՞րն ա: Նույնը խոշորացումն ա»:

Շատերը լքում են գյուղը, իսկ 67-ամյա գեղանկարիչ Մելս Ստեփանյանը մայրաքաղաքում է թողել բնակարանն ու հաստատվել, ըստ իրեն, բուժիչ բնություն ունեցող Դեբեդում․ - «Ով կասի, որ ես ինֆարկտ եմ տարել կամ բան... Երկու տարի ա, ես էկել եմ ստեղ, դեղը հենա պատուհանի գոգը գցած, ոչ մի բանը չեմ օգտագործում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG