Հայաստան-Եվրամիություն նոր ստորագրված համաձայնագրի առաջնային նպատակը տնտեսական և առևտրային հարցերում Հայաստանն-Եվրամիություն առևտրային հարաբերությունների բարելավումն է։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։
«Հիմնական առաջնային ուղղվածությունը, դա այն հարաբերություններն են, որոնք վերաբերում են ԵՄ-ՀՀ առևտրին, դրանց դյուրացմանը և մեր հետաքրքրությունների հիմնական ուղղությունը, քննարկված հարցերի թիրախը եղել է նա, որպեսզի մեր տնտեսվարողը դեպի Եվրոպական միություն ունենա ավելի հասանելի, տեսանելի, կանխատեսելի իրավական կարգավորումների փաթեթ», - ասաց փոխնախարարը։
Մելքոնյանի խոսքով՝ համաձայնագիրը նաև շատ կարևոր է ներդրումային համագործակցության տեսանկյունից։
«Համաձայնագիրը կարևոր է շատ վերջին շրջանում հատկապես առավել ակտիվ խոսվող ներդրումային համագործակցության տեսանկյունից, որովհետև ներդրումները հոսում են այնպիսի վայր, որտեղ գործարարության տեսանկյունից կան գրավչություններ, կա կանխատեսելիություն, կա գործընթացների թափանցիկություն և կա նաև որոշակի վստահություն տվյալ երկրի տնտեսության նկատմամբ։ Համաձայնագիրը, բնականաբար, նախատեսում է պայմանավորվածությունների մի ամբողջական փաթեթ, որը, վստահ եմ, Եվրոպական բիզնեսի համար պետք է ավելի վստահելի, կանխատեսելի գործընկերոջ իմիջ ձևավորի, ավելին ասեմ, մենք համաձայնագրում ունենք նաև պայմանավորվածություն, որ ուժի մեջ մտնելուց հետո երկու-երեք տարիների ընթացքում՝ ամենաուշը, մենք պետք է բանակցենք և ստորագրենք առանձին մեծ գլուխ, որը վերաբերելու է ներդրումների փոխադարձ պաշտպանությանը և խրախուսմանը», - ասաց փոխնախարարը։
Իսկ հարցին, թե համաձայնագրով Եվրամիության ի՞նչ ծավալի աջակցության մասին է խոսքը, Մելքոնյանը պատասխանեց. - «Բուն համաձայնագիրը, որպես այդպիսին, գումարի ծավալ չի նախատեսում, և համաձայնագրով գումարային թիվ չեք տեսնի, այն պարզ պատճառով, որ Եվրոպական միությունը նմանատիպ պլանավորում իրականացնում է տարբեր գործիքներով։ Տվյալ պարագայում մենք քննարկում ենք և գրեթե վերջնական համաձայնեցման փուլում ենք արդեն գտնվում Միասնական աջակցության շրջանակ կոչվող փաստաթղթի շուրջ, որը որ 2017-2020 թվականների համար Հայաստանի աջակցության ընդհանուր ծավալը, որ վերաբերում է երկկողմ պայմանավորվածությունների փաթեթին, 144-ից 176 միլիոն եվրոյի սահմաններում է։ Հատուկ ընդգծեմ, որ այստեղ որևէ վարկային միջոց չկա»: