«Սասնա ծռերի» գործում ներգրավված 11 մեղադրյալների այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազները հրապարակեցին Աշոտ Պետրոսյանի, Արմեն Լամբարյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի և Կարո Եղնուկյանի կատարած գործողությունները, որոնց հիման վրա նրանց մեղադրանք է առաջադրվել։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացի Կարո Եղնուկյանը դատարան է բերվել, բայց հրաժարվում է նիստերի դահլիճ գալ։
Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ եթե իր պաշտպանյալը բերվի նիստերի դահլիճի, ապա նրա ինքնազգացողությունը կվատանա։ Եղնուկյանը բազմիցս հայտարարել է, որ դատական նիստերի ընթացքում իր ինքնազգացողությունը վատանում է և զարկերակային ճնշումը բարձրանում է, հետևաբար պահանջում է իրեն դատարան չբերել և իր գործը զինված խմբի վարույթից առանձին քննել:
«Նախորդ անգամ, երբ որ Եղնուկյանը 30-40 րոպե մնաց նիստերի դահլիճում, հետագայում նրա արյան ճնշումը բարձրացել է 260: Այդ էլ այն ժամանակ, երբ որ 40 րոպե հետո նոր շտապօգնություն էր եկել, և շտապօգնությունն ֆիքսել 260, կարծեմ 160 էլ սրտի աշխատանքը: Դրա նախորդ օրը եղել է 120/80: Այսպիսով, հարգելի դատարան, մենք հրաշքով փրկվել ենք ինսուլտից և ինֆարկտից․․․ Ես գտնում եմ, որ Եղնուկյանին չպետք է նիստերի դահլիճ բերվի», - այսօր փաստարկեց Հայրապետյանը:
Եղնուկյանը դահլիճ բերվեց միայն այն ժամանակ, երբ մեղադրող դատախազն ընթերցում էր նրա մեղադրական եզրակացությունը։
Մեկ էջից բաղկացած մեղադրական եզրակացությունում ասվում է, որ նրան ձերբակալուց հետո կանխվել են զինված խմբին օժանդակելու գործողությունները․ - «2016 թվականի հուլիսի 19-ին նպաստել է տրամադրված սննդից կազմակերպված խմբի անդամների թունավորման, նրանց սննդից զրկելու, բանակցային գործընթացը դիտավորությամբ տապալելու վերաբերյալ ապատեղեկատվության տարածմանը: 2016 թվականի հուլիսի 20-ին Կարո Եղնուկյանը ձերբակալվել է, ինչով խափանվել է կազմակերպված խմբի կողմից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը Ոստիկանության պարեկապահակետային գնդի տարածքում գտնվող շենքեր-շինությունները, տրանսպորտը և պատանդները պահելուն օժանդակելու հետագա գործողությունները»:
Դատախազը նաև հրապարակեց ոմն Մաքսիմ Սարգսյանի անունը, ում միջոցով, ըստ մեղադրականի, Եղնուկյանը փորձել է տեղեկություններ տարածել։ Ընդ որում, այդ երիտասարդը այս գործով որպես մեղադրյալ չի անցնում, ինչի մասին բազմիցս խոսել է Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը։
Մեղադրող դատախազներ Հակոբ Ենոքյանը և Արթուր Չախոյանը մեղադրական եզրակացություն ընթերցելիս հիշատակեցին զինված խմբի կողմից զենքի գործադրմամբ 2016-ի հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո երեք ոստիկանի սպանության, ինչպես նաև 7 ոստիկանների պատանդառման մասին։
Հիշեցնեմ, խմբի անդամները պատանդ էին վերցրել նաեւ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, որոնց օրեր անց ազատ արձակեցին։
Ըստ մեղադրական եզրակացության, իրենց «Սասնա ծռեր» կոչող զինված խմբի 31 անդամները ոստիկանության գունդը գրավել էին և հայտարարել, թե այն կազատեն իրենց պահանջները կատարելու դեպքում․ - «Պատանդներին ազատելու պայմանով պետության հարկադրել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատել Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձնաց»:
Զինված խմբի անդամ Արթուր Սողոմոնյանի մեղադրական եզրակացության հրապարակման ժամանակ նաև նշվեց, որ նա մասնակցել է գնդի տարածքում գտնվող բանկոմատից գումարի հափշտակմանը։
Այսօրվա դատական նիստն ընդմիջվեց մի քանի փաստաբանների բացակայության պատճառով, այն կշարունակվի դեկտեմբերի 14-ին:
Հիշեցնեմ, «Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ: