Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դատախազությունը Ուլյուկաևի համար 10 տարվա ազատազրկում է պահանջում


Ալեքսեյ Ուլյուկաևը ասուլիս է տալիս Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի պաշտոնում, նոյեմբեր, 2014թ․
Ալեքսեյ Ուլյուկաևը ասուլիս է տալիս Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի պաշտոնում, նոյեմբեր, 2014թ․

Ռուսաստանի դատախազությունը պահանջել է 10 տարվա ազատազրկման դատապարտել տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին` նրան մեղավոր ճանաչելով «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Ալեքսեյ Սեչինից 2 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:

Ուլյուկաևի գործով դատավարության ընթացքում դատախազը այսօր նաև պահանջել է նախկին նախարարից 500 միլիոն ռուբլի տուգանք գանձել և արգելել նրան 10-ամյա ազատազրկումից հետո ևս տասը տարվա ընթացքում որևէ պետական պաշտոն զբաղեցնել: Բացի այդ, դատախազությունը դիմում է դատարանին` Ուլյուկաևին «Հայրենիքի առջև մատուցած ծառայության համար» 3-րդ և 4-րդ աստիճանի շքանշաններից զրկելու խնդրանքով: Դատախազության ներկայացուցիչները, սակայն, խնդրել են Ուլյուկաևին ներկայացվող մեղադրանքների ցանկից հանել «շորթում» հոդվածը:

Նախկինում մեղադրող կողմը պնդում էր, որ Ուլյուկաևը Սեչինից մեծ կաշառք էր պահանջել «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի գործարքին դրական եզրակացություն տալու դիմաց:

Ուլյուկաևը, հիշեցնենք, ձերբակալվել է անցած տարվա նոյեմբերին, նրա գործով դատավարությունը մեկնարկել է այս տարվա օգոստոսին:

Ալեքսեյ Ուլյուկաևն առաջին ձերբակալված նախարարն է Ռուսաստանի նորագույն պատմության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG