Կորսիկացի ազգայնականները լուրջ հաջողության են հասել կիրակի օրը կղզում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Կղզու լայն ինքնավարության օգտին հանդես եկող Pe a Corsica («Հանուն Կորսիկայի») շարժումը ստացել է ընտրողների ավելի քան 45 տոկոսի քվեները: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի կուսակցությունը կիրակնօրյա ընտրություններում ստացել է ձայների ընդամենը 11 տոկոսը:
«Ընտրությունների նման արդյունքները վկայում են, որ կորսիկացի ընտրողները կորցրել են հավատը կենտրոնական իշխանության հանդեպ: Մեր նպատակն է, որպեսզի շարքային քաղաքացիները վերագտնեն հավատը իշխանությունների հանդեպ ոչ միայն Կորսիկայում, այլև ողջ Ֆրանսիայի տարածքում», - նշված է Մակրոնի կուսակցության հայտարարության մեջ:
Կորսիկացի ազգայնականների առաջնորդ Ժիլ Սիմեոնիի խոսքով էլ՝ «կիրակնօրյա ընտրությունների արդյունքները պատմական հաղթանակ էին»:
Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հաջորդ կիրակի: