Մատչելիության հղումներ

Գյումրիում հասարակական տրանսպորտի մոնիթորինգ է անցկացվել․ իրավիճակից դժգոհ են բոլորը


Գյումրիում հասարակական տրանսպորտի ոլորտում իրականացված մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ իրավիճակից դժգոհ են թե' վարորդները, թե' ուղևորները։

Եթե վարորդները բողոքում են ճանապարհների վատ վիճակից ու ուղևորների պակասից, ապա ուղևորները դժգոհ են վատ սպասարկումից, տրասնպորտային միջոցների մաշվածությունից, վարորդների պահվածքից, անգամ մեքենայում հնչող երաժշտությունից։

Մոնիթորինգը իրականացրած «Բիսոֆիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Համլետ Ղազարյանը ներկայացրեց, թե որ երթուղին է լավ կամ վատ սպասարկվել: Նշենք, որ Գյումրիում գործում է 11 միկրոավտոբուսային և ընդամենը 1 ավտոբուսային երթուղի: - «Մեկ շրջապտույտի տևողությունը պետք է լիներ 66 րոպե, սակայն իրականումը միջինը 100 րոպե է։ Եվ ուղևորների միջին քանակը ամեն «Գազել»-ին 12 ուղևոր է հասնում», - իրենց դիտարկումներից որոշ թվեր ներկայացրեց Ղազարյանը։

Քննարկման մասնակիցներից ոմանք դժգոհեցին, թե երեկոյան ժամերին տրանսպորտ չես գտնի:

Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանի խոսքով՝ 3-4 տարի անց, երբ քաղաքում ավարտվի ճանապարհաշինական ծրագիրը, տրանսպորտն էլ կբարեփոխվի։ Սակայն քաղաքապետարանին պաշտոնյան միևնույն ժամանակ ինքն իրեն հակասող հայտարարություն արեց՝ ասելով, թե հնարավոր է՝ 4-5 տարի անց Գյումրիի տրանսպորտը կանգնի լուրջ խնդրի առաջ․ - «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններն այսօր հնարավորություն չունեն նոր մեքենաներ ներկրելու, մենք փաստի առաջ ենք կանգնելու, եթե չհայտնվի մի ընկերություն, որը նոր մեքենաներ ներկրի, սկսի երթուղի շահագործել»։

Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետը խոստովանեց, թե տրանսպորտի վնասով աշխատելու պատճառն արտագաղթն է։ - «Ընկերություններն էլ են դժգոհում մարդկանց պակասությունից, տարեցտարի Գյումրի քաղաքում բնակչությունը պակասում է», - նշեց նա։

Վարորդների խնդիր էլ կա: Պարզվում է՝ «Դ» կարգի վարորդ գտնելն հեշտ չէ ոչ միայն Գյումրիում, այլ մարզի միջհամայնքային երթուղիները սպասարկելու համար: Մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի խոսքով, պահանջարկը բավականին մեծ է․ - «Մոտ 120 հոգ պահանջարկ կա հիմա»։

Առաջիկայում տրանսպորտի սպասարկման միասնական օպերատոր է լինելու․ հայեցակարգը մշակված է, փորձնական ծրագիրն էլ կմեկնարկի գարնանը: Դրա արդյունքով պայմանավորված պարզ կդառնա Հայաստանի ողջ տարածքում այն կներդրվի թե ոչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG