Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հաղորդում է, որ Ռուսաստանի երեք քաղաքացիներ Ուկրաինայում քաղաքական ապաստան են խնդրել իրավապահ մարմինների կողմից ճնշումների ենթարկվելու պատճառաբանությամբ: Նրանց անունները չեն բացահայտվում:
Քաղաքացիներից մեկը խնդրել է իրեն փախստական ճանաչել, հայտարարելով, թե ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին աջակցություն հայտնող ակցիաներին մասնակցելու պատճառով ենթարկվել է հետապնդումների:
Երկրորդ քաղաքացին ևս նշել է Ռուսաստանի ներկայիս իշխանությունների դեմ ակցիաներին մասնակցելու պատճառը: Երրորդի պատճառաբանությունները սահմանապահ ծառայության հաղորդագրությունում նշված չեն:
Նրանց դիմումները սահմանապահ ծառայությունը ուղարկել է Ուկրաինայի միգրացիոն ծառայություն: