Մատչելիության հղումներ

Սեֆիլյանը հրաժարվեց ցուցմունք տալուց, դատական նիստը «թատերական միջոցառում» է համարում


Ժիրայր Սեֆիլյանը դատարանում, արխիվ
Ժիրայր Սեֆիլյանը դատարանում, արխիվ

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, ով մեղադրվում է զանգվածային անկարգությունների նախապատրաստման, զենքի ձեռքբերման և դրա միջոցով ռազմավարական նշանակության շենքեր զվաթելու մտադրության մեջ, այսօրվա դատական նիտի ընթացքում հրաժարվեց ցուցմունք տալուց։ Իր պաշտպան Տիգրան Հայրապետյանի միջոցով Սեֆիլյանը հայտնեց, որ դատավարությունը համարում է թատերական միջոցառում ու չի հասկանում իրեն առաջադրված մեղադրանքը։

Ցուցմունք տալուց, սակայն, չհրաժարվեց նույն գործով ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը։ Նա միակ մեղադրյալն է, ով նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել Ժիրայր Սեֆիլյանի դեմ։ Պետրոսյանն այսօր իր դատավարական ցուցմունքը սկսեց ելույթով, ինչը զայրացրեց ամբաստանյալներ Գևորգ Սաֆարյանին ու Ներսես Պողոսյանին։ «Մամուլով անընդհատ շրջանառվում ա, որ Ժիրայր Սեֆիլյանը կալանավորվել ա Հովհաննես Պետրոսյանի ցուցմունքի հիման վրա: Ուզում եմ հիշեցնեմ հատկապես ինֆորմացիայի աղբյուրներին, որ նախաքննության ընթացքում բոլոր ցուցմունքներում, ովքեր ցուցմունք են տվել, գոյություն ունի Ժիրայր Սեֆիլյանի անունը, իսկ Հովհաննես Պետրոսյանն առաջին ձերբակալվածը չի: Չի կարելի հերոսացնել մարդու, ով փորձում էր հարձակվել հայ զինվորի վրա»,- այսօր դատարանում հայտարարեց Հովհաննես Պետրոսյանը:

Նա ասաց, որ Ժիրայր Սեֆիլյանի հետ հաճախ չի շփվել, հեռախոսով չեն խոսել, կապը պահել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով։ Ըստ ամբաստանյալի՝ Սեֆիլյանի հանձարարականով ինքը զենք է ստացել գործով մեկ այլ մեղադրյալ Հրայր Թոփչյանից, որը պետք է օգտագործվեր իշխանափոխության նպատակով զինված հարձակումներ կատարելու համար։ Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը փորձեց ճշտել՝ արդյո՞ք այդքան մտերիմ են եղել ինքն ու Սեֆիլյանը, որ վերջինս զենք է վստահել իրեն։ «Ես ո՞նց պատասխանեմ, թե Սեֆիլյանն ինչու ինձ վստահեց»,- պատասխանեց Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ հիմնական պլաներից մեկը երևանի հեռուստաաշխատարակը գրավելն է եղել: Ինքն այդ ժամանակ դա ոչ իրատեսական է գնահատել: Դրանից հետո՝ 2015-ի դեկտեմբերից մինչև 2016-ի մայիսը ոչ մի հանձնարարություն չի եղել Սեֆիլյանի կողմից: Սեֆիլյանի ծրագրերն իրագործելուց էլ հետ է կանգնել հենց այն ժամանակ, երբ Հրայր Թոփչյանից իմացել է, որ պետք է գրավեն Նուբարաշենի զորամասը, ասաց Պետրոսյանը։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը հարցերի միջոցով փորձեց պարզաբանում ստանալ հետևյալի շուրջ՝ եթե ավելի վաղ ոչ իրատեսական համարելով Պետրոսյանը հրաժարվել է հեռուսաաշտարակը գրավելու ծրագրից, ապա Սեֆիլյանը հետագայում չէր կարողանա դա իրագործել Պետրոսյանի միջոցով ու վերջինիս հետ քննարկելով։ Պետրոսյանը դարձյալ ասաց, թե չի կարող պատասխանել:

Հովհաննես Պետրոսյանը ցուցմունքում հիշատակեց նաև իր քեռորդուն, որի գործը դեռևս նախաքննության փուլում է․ վերջինս նույնպես Սեֆիլյանի դեմ ցուցմունքներ է տվել։ Սմբատ Գալոյանի անունը լսելիս բորբոքվեց ամբաստանյալ Ներսես Պողոսյանը․ «Ինձ ասա՝ ո՞նց եղավ՝ Սմբոյի հետ ձեր գրած ցուցմունքներով սաղ Հայաստանում էդ զենքերը ման տվիք, Սմբոն մնաց դուրսը, ես էլ տարիուկես ա բերդում եմ»:

Ցուցմունք տալուց այսօր հրաժարվեցին նաև ամբաստանյալներ Սասունիկ Կիրակոսյանն ու Հրայր Թոփչյանը։ Վերջինս միայն պատասխանեց պաշտպանական կողմի ու դատախազների հարցերին, հայտարարելով՝ Ժիրայր Սեֆիլյանի և զինված խումբ ստեղծելու մասին իր նախաքննական ցուցմունքները գրել է քննիչի սպառնալիքի ներքո: Դատարանում միայն հայտնեց, որ Սեֆիլյանին տեսել է առիթից առիթ, շարժմանն էլ չի անդամակցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG