Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը չի հաստատում Ռեքս Թիլերսոնի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը


Ռեքս Թիլերսոն, արխիվ
Ռեքս Թիլերսոն, արխիվ

Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, Սպիտակ տունը մտադիր է պետքարտուղարի պաշտոնում նշանակել այլ մարդու, նշվում է նաև հնարավոր փոխարինողի անունը: Մամուլի հրապարակումներում նշվում է, թե այդ պաշտնում Ռեքս Թիլերսոնի փոխարեն նշանակվելու է Կենտրոնական հետախուզական գործակալության ներկայիս տնօրեն Մայք Պոմպեոն:

The New York Times-ը, վկայակոչելով վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի՝ նոյեմբերի 30-ին գրել է, որ առաջիկա շաբաթներին նախագահ Թրամփն այս հարցով հանդես կգա հայտարարությամբ: Associated Press-ը, Reuters-ը և մի քանի այլ լրատվական գործակալություններ ևս հաղորդում են հնարավոր փոփոխության մասին: Արձագանքելով այս հրապարակումներին՝ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ այս պահին նոր թեկնածուների մասին որևէ հաղորդում չկա: Սպիտակ տան մամուլի խոսնակ Սարա Սանդերսն ասել է, թե պետքարտուղար Թիլերսոնը շարունակում է գլխավորել Պետդեպարտամենտը, և ամբողջ կաբինետն էլ կենտրոնացած է նախագահ Դոնալդ Թրամփի անհավանական հաջողություններով լի առաջին տարին եզրափակելու ուղղությամբ:

Նախագահ Թրամփը ևս համառոտ կերպով արձագանքել է այդ լուրերին: Երբ Բահրեյնի արքայազնի հետ հանդիպումից առաջ նրան հարցրել են այդ մասին, Թրամփն ասել է՝ «նա այստեղ է, Ռեքսն այստեղ է՝ հանդիպմանը մասնակցելու համար»: Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Հիթեր Նաուերթն էլ լրագրողների հետ զրույցում նշել է՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկվար Ջոն Քելլին զանգահարել է Պետդեպարտամենտ և այնտեղ աշխատող պաշտոնյաներին հավաստիացրել, որ Թիլերսոնին փոխարինելու մասին լուրերը ճշմարիտ չեն:

Այդուհանդերձ, Հիթեր Նաուերթն ասել է նաև, որ նախագահն ու պետքարտուղարը որոշ հարցերում տարաձայնություններ են ունեցել, «բայց դա չի նշանակում, թե նախագահը ցանկանում է ազատվել Թիլերսոնից»: Նա նշել է, թե տարաձայնությունները վերաբերում են քաղաքական հարցերին, «այստեղ կասկածներ չկան, դա շատ պարզ է»,- ասել է նա, հավաստիացնելով, որ նախագահ Թրամփը ողջունում է տարբեր տեսակետների համադրմամբ ընտրություն կատարելու քաղաքականությունը:

Պետդեպարտամենտը երեկ ավելի ուշ հրապարակել է Ռեքս Թիլերսոնի առաջիկա այցերի ժամանակացույցը՝ դեկտեմբերի 4-8-ը նա մեկելու է Բրյուսել, Վիեննա և Փարիզ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի, Եվրամիության և ԵԱՀԿ-ի համաժողովներին: Վարչակազմում Թիլերսոնի մերձավոր դաշնակիցը համարվող՝ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը, հերքելով Թիլերսոնի պաշտոնանկության մասին մամուլի պնդումները, ասել է, թե նման բան չկա:

Ըստ ամերիկան մամուլի, ԱՄՆ-ի նախագահը կորցրել է Թիլերսոնի նկատմամբ վստահությունը, ով նախկինում էներգետիկ հսկա ExxonMobil Corp ընկերության գործադիր տնօրենն էր և չունի դիվանագիտական փորձառություն: Միջազգային հիմնական հարցերի շուրջ ԱՄՆ-ի նախագահը և պետքարտուղարը հաճախ են հրապարակավ հանդես գալիս իրարամերժ հայտարարություններով: The New York Times-ը, այունուամենայնիվ, գրում է․ դեռևս հստակ չէ՝ արդյո՞ք Թրամփը վերջանակապես որոշել է փոխել պետքարտուղարին, ինչը կարող է վարչակազմում ցնցում առաջացնել:

Ավելի վաղ, դեռ հոկտեմբերի սկզբին, NBC հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով Թիլերսոնը ցանկանում է հրաժարական տալ: Պետքարտուղարը հերքել էր այդ լուրը, ասելով, թե նախկինի պես հավատարիմ է նախագահին: Հիշեցնենք՝ ExxonMobil Corp կորպորացիան, որը նախկինում ղեկավարել է ԱՄՆ ներկայիս պետքարտուղարը, ակտիվորեն ներգրավված է ռուսական ընկերությունների հետ համատեղ էներգետիկ ծրագրերում: Նրա ղեկավարած նավթային ընկերությունը Սախալինում ավելի քան 4 միլիարդ դոլարի ուղղակի ներդրումներ է կատարել: 2013 թվականին Ռուսաստանի նախագահը Ռեքս Թիլերսոնին անգամ պարգևատրել էր Բարեկամության շքանշանով:

Այս տարեսկզբին, երբ Կոնգրեսը դեռ քննարկում էր պետքարտուղարի պաշտոնում նախագահ Դոնալդ Թրամի առաջադրած թեկածու Ռեքս Թիլերսոնին նշանակելու առաջարկը, սենատորների հարցերի զգալի մասը վերաբերում էր հենց ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG