Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը ժամեր առաջ հետաձգել է իր այցը Հայաստան


Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին Թբիլիսիում: 23-ը փետրվարի, 2017:

Վրաստանի կառավարության լրատվական ծառայության ղեկավար Սոֆո Մոսիձեն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե վարչապետի հայաստանյան այցը ոչ թե չեղարկվել է, այլ հետաձգվել է:

«Դեկտեմբերի 1-ին նախատեսված էր Վրաստանի վարչապետի այցը Հայաստան, սակայն վրացական կողմը հետաձգեց այցը՝ անորոշ ժամանակով, և այցը, իհարկե, կկայանա այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանը կհաստատի կառավարության նոր կազմը», - փոխանցեց Մոսիձեն:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայաստանյան այցի հետ կապված հարցեր առաջացան այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարության լրատվական ծառայությունը երեկ երեկոյան կողմ՝ 17:00-ի սահմաններում հաղորդագրություն տարածեց, թե դեկտեմբերի 1-ին 11:45-ին Հայաստանի կառավարությունում տեղի կունենան երկու երկրների վարչապետերի՝ Կարեն Կարապետյանի ու Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունները լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Այս հաղորդագրությունից մոտ մեկ ժամ անց ստացվեց նորը, ըստ որի «վրացական կողմի խնդրանքով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով: Այն կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելուց հետո»:

Վարչապետ Կարեն Կարպետյանի մամուլի քարտուղար Արամ Արարատյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունի:

Սոֆո Մոսիձեին այսօր հարցրեցինք՝ արդյո՞ք Վրաստանի վարչապետի գրասենյակում նախօրոք տեղյակ չէին, որ կառավարության նոր կազմը դեռ հաստատված չէ, ուստի Կվիրիկաշվիլին չի կարող դեկտեմբերի 1-ին այցելել Երևան: Բացի այդ, Վրաստանի վարչապետի այցը Հայաստան անորոշ ժամկետով հետաձգվեց այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը հաղորդագրություն տարածեց այդ այցի մասին՝ անգամ նշելով լրագրողների հետ Կարապետյանի ու Կվիրիկաշվիլիի հանդիպման կոնկրետ ժամը: Ստացվում է Վրաստանի վարչապետի այցը հետաձգվել է վերջին պահին՝ Կվիրիկաշվիլիի Երևան ժամանելուց ընդամենը ժամեր առաջ, ինչը միջազգային հարաբերություններում խիստ հազվադեպ է պատահում:

Մոսիձեի արձագանքը․ - «Պարզապես իրավունք չունեմ ավելին ասելու: Ինձ մոտ առկա տեղեկությունը հետևյալն է՝ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան կկայանա: Այն չի չեղարկվել, այլ հետաձգվել է անորոշ ժամանակով, այսինքն՝ երբ Վրաստանի խորհրդարանը կհաստատի կառավարության նոր կազմը: Այս պահին չեմ կարող հստակ ամսաթիվ նշել, թե երբ կկայանա վարչապետի այցը Երևան»:

Մոսիձեին հիշեցրեցինք հայ-վրացական հարաբերություններում վերջին շրջանում ի հայտ եկած խնդրահարույց դրվագները:

Նախ, լրատվամիջոցները գրեցին, որ Թբիլիսին Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում հրաժարվել է ընդունել ծագումով ջավախքցի քաղաքագետ Սերգեյ Մինասյանի թեկնածությունը:

Այնուհետև՝ օգոստոսի վերջին, Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել սեպտեմբերին մեկնարկող Agile Spirit-2017 զորավարժությանը:

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում բոլոր երկրների պատվիրակությունները՝ բացառությամբ Հայաստանի պատվիրակության, մասնակցել են մի քննարկման, որի արդյունքում վեհաժողովի հռչակագրում տեղ է գտել Երևանի համար անընդունելի և հակամարտություններին վերաբերող ձևակերպում: Այդ պատվիրակությունների թվում է եղել նաև վրացականը:

Վրաստանի կառավարության լրատվական ծառայության ղեկավարին հարցրեցինք՝ արդյո՞ք այս ամենը և վարչապետ Կվիրիկաշվիլիի հայաստանյան այցի անակնկալ հետաձգումը վկայում են, որ հայ-վրացական հարաբերություններում խնդիրներ են ի հայտ եկել:

«Իրավունք չունեմ խոսել այլ թեմաներից: Այս պահին միայն տեղեկություն եմ հայտնում», - արձագանքեց Սոֆո Մոսիձեն:

Վրաստանում գործող «Ալիք» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանի խոսքով, վրաստանյան լրատվական դաշտում առանձնապես արձագանք չի եղել Կվիրիկաշվիլիի հայաստանյան այցի հետաձգման կապակացությամբ․ - «Մի փոքր հոդված կար ոչ շատ տարածված պարբերականում, որտեղ մասնավորեցվում էր, որ կոնկրետ խորհրդարանի հանձնաժողովը, որը պիտի հաստատեր խորհրդարանի կազմը, չի կարողացել քվորում ապահովի, չի հավաքվել, և ուրեմն սա է եղել պատճառը: Բայց նշեմ, թե ինչ կարող լինել իրականում, կամ արդյո՞ք պետք է այս ամենի մեջ ավելի խորը մոտիվներ կամ խնդիրներ տեսնել․․․ Վստահ չեմ»:

Ըստ Խառատյանի, անցած ամիսներին հայ-վրացական հարաբերություններում տեղ գտած վերոհիշյալ իրադարձությունները պետք է չէ դիտարկել որպես մեկ շղթայի մաս․ - «Ավելի ասեմ․ Ձեր նշած տարբեր պատճառներից որոշները պիտի երևի առանձին դիտարկել: Ասենք, օրինակ, բազմակողմ հարաբերություններում ՛շատ հաճախ է եղել, որ Վրաստանը, օրինակ, քվեարկել է կամ ստորագրել է կամ միացել է բանաձևերի, որոնք եթե ոչ անմիջականորեն Հայաստանի դեմ են եղել, բայց, օրինակ, «տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում» համատեքստում Վրաստանի և մեր կոնկրետ շահերը կարող են համընկած չլինել՝ հաշվի առնելով Աբխազիայի և Օսեթիայի խնդիրը: Բայց ես միշտ դիտարկել եմ մեր հարաբերությունները առաջին հերթին որպես երկկողմ հարաբերություններ, և այս տեսանկյունից վստահ չեմ, թե շատ խորը խնդիրներ կան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG