Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ վերջին ամիսների ընթացքում առաջին հեռախոսազրույցն է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ՝ երկկողմ հարաբերությունները քննարկելու նպատակով:
Թուրքական Anadolu պետական գործակալության փոխանցմամբ՝ երկու առաջնորդները համաձայնել են «նոր թափ հաղորդել» երկկողմ շփումներին, որոնք վերջին շրջանում գրեթե դադարել էին:
ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակից երկրների հարաբերությունները կտրուկ սրվել են ամիսներ առաջ՝ Թուրքիայում Գերմանիայի տասնյակ քաղաքացիների ձերբակալությունների պատճառով: Մինչ Բեռլինը հորդորում էր ազատ արձակել տարբեր պատճառաբանություններով ձերբակալված գերմանացիներին, Էրդողանը Գերմանիայի խորհրդարանական ընտրություններից առաջ կոչ արեց Գերմանիայում բնակվող ծագումով թուրքերին բոյկոտել ընտրությունները, մասնավորապես՝ չքվեարկել իշխող կուսակցության և կանաչների օգտին ՝ նրանց անվանելով «Թուրքիայի թշնամիներ»: