Մատչելիության հղումներ

Տրանսպորտի նախարարն ու ԵՆԲ ներկայացուցիչները քննարկել են ճանապարհաշինության ոլորտի հարցեր


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներին:

Ըստ նախարարության հաղորդագրության, Մարտիրոսյանն ընդգծել է ԵՆԲ-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ հատկապես ճանապարհաշինության ոլորտում:

Ներկայում նաև ԵՆԲ-ի աջակցությամբ է, որ ընթանում է շինարարություն Հայաստանի համար կարևորագույն Մ6 ավտոճանապարհին և «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ում:

ԵՆԲ փոխնախագահ Վազիլ Հուդակը կարևորել է Հայաստանի հետ համագործակցությունը ճանապարհաշինության ոլորտում՝ ակնկալելով գործակցություն նաև տնտեսության թվայնացման գործընթացներում:

Նախարարը բավարար է գնահատել Տրանշ 3-ում շինարարության ընթացքը: «Որոշ ձգձգումների պատճառ են հայտնաբերված հնագիտական որոշ օբյեկտներին առնչվող խնդիրները: Բայց այնտեղ ամենօրյա վերահսկողություն է իրականացվում, աշխատանքները կավարտվեն ժամանակին»,- վստահեցրել է Մարտիրոսյանը:

Ըստ նախարարի, շինաշխատանքները Մ6-ում նույնպես շարունակվում են: «Հնարավոր էր ավելի արագ ավարտել շինարարությունը, բայց Շնողի հիդրոէլեկտրակայանի կառուցման հետ կապված ճանապարհի ծրագիծը պիտի փոփոխության ենթարկվի: Գերադասում ենք հիմա այդ հարցը լուծել, ոչ թե շինարարությունն այսպես հասցնել ավարտին, հետո քանդել ու նոր փոփոխություններ անել»։

Կողմերը քննարկել են նաև տրանսպորտի ոլորտին առնչվող հարցեր. նախարարը ներկայացրել է տրանսպորտային նոր համակարգի ներդրման ծրագիրը՝ ակնկալելով, որ ԵՆԲ-ն կարող է և՛ խորհրդատվական, և՛ ֆինանսական աջակցություն ցուցաբերել:

Վահան Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնել ճանապարհային անվտանգության հետ կապված ծրագրին ԵՆԲ-ի դրամաշնորհային աջակցության համար` նշելով, որ եկող տարի այդ միջոցները կուղղվեն ավտոճանապարհներն անվտանգության էլեմենտներով կահավորելուն:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի ճանապարհների թվայնացման ծրագիրը: Վահան Մարտիրոսյանը հայտնել է, որ արդեն իսկ սկսվել է ճանապարհների թվային քարտեզագրման գործընթացը, սակայն անհրաժեշտ է աջակցություն՝ ավելի բարձր մակարդակի թվայնացման անցնելու համար: Ներկա փուլում այս ուղղությամբ մասնավոր հատվածի հետ բանակցություններ են տարվում:

Նախարարը հայտնել է նաև, որ բոլորովին վերջերս կառավարությունը հաստատել է Տվյալների մշակման կենտրոնի (Data center-ի) ստեղծման ծրագիրը: Այդ ուղղությամբ ևս քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG