Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի օլիգարխներն աշխատում են հեռու մնալ Պուտինից. «Ռոյթերզ»


Ռուսաստանցի օլիգարխները վախենում են ամերիկյան նոր պատժամիջոցներից և աշխատում են հեռու մնալ Պուտինից, հայտնում է «Ռոյթերզ»-ը՝ վկայակոչելով շուրջ երկու տասնյակ օլիգարխների հետ զրույցները։

Լրատվական գործակալությունը օլիգարխների անունները չի հրապարակում. ռուսաստանցի գործարարները մտավախություն ունեն, որ կհայտնվեն հունվարին ԱՄՆ Կոնգրեսին ներկայացվելիք սև ցուցակում։

Օգոստոսին, հիշեցնենք, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծ է ստորագրել։ Այդ նոր պատժամիջոցների շրջանակներում պատրաստվում է Ռուսաստանի իշխանություններին մոտ կանգնած գործարարների ցուցակ, որ հունվարին ներկայացվելու է Կոնգրեսին։ Ու թեև հստակ չէ, թե ինչ ուժ է ունենալու այդ ցուցակը և ինչ ազդեցություն է թողնելու ցուցակում ներառված գործարարների վրա, սակայն, ռուսաստանցի օլիգարխները մտավախություն ունեն, որ հայտնվելով սև ցուցակում, նրանց ակտիվները Արևմուտքում կարող են սառեցվել։ Նման պատժամիջոցներից խուսափելու համար նրանք գերադասում են հնարավորինս քիչ հայտնվել Պուտինի մասնակցությամբ միջոցառումներին։

«Ռուսաստանցի այդ օլիգարխներից շատերն ասել են, թե բիզնես մթնոլորտը Ռուսաստանում այսօր մտահոգիչ է։ Շատերը պարզապես վախենում են հայտնվել սև ցուցակներում, վախենում են կորցնել իրենց հարստությունը։ ԱՄՆ-ի դեմ պայքարելը շատ բարդ է», - գրում է «Ռոյթերզ»-ը՝ վկայակոչելով զրուցակիցներին։

Օլիգարխներից մեկն էլ լրատվամիջոցի հետ զրույցում խոստովանել է, որ Միացյալ Նահանգների ռազմավարությունը գործում է։ Պուտինի շրջապատի ազդեցիկ մարդիկ դժգոհ են, ասում են՝ բավական է, ինչքա՞ն կարելի է։

Ընտրությունների նախօրեին այս տրամադրությունները չեն կարող աննկատ անցնել Կրեմլի համար։ «Կրեմլի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ամերիկյան պատժամիջոցների հարցին պատասխանելիս նույնն էր ասել՝ նկատելով, որ ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների միջոցով ուզում են Պուտինի շրջապատի հարուստ մարդկանց Պուտինի դեմ տրամադրել», - գրում է «Ռոյթերզ»-ը։

Զրուցակիցներից մեկն էլ ասել է, որ իր ղեկավարը, ով Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցուցակում է, հնարավորինս աննկատ լինելու մարտավարություն է որդեգրել` ամերիկացի չինովնիկների ուշադրության կենտրոնում չհայտնվելու համար։

Ռուսաստանցի օլիգարխներից ոմանք էլ փորձում են մասնակցել տարբեր սոցիալական ծրագրերի Արևմուտքում։

«Պուտինն ու իր մտերիմ շրջապատը չեն հավատում, որ ամերիկյան պատժամիջոցներն իսկապես շատ կոշտ ու ցավոտ կլինեն հենց անձամբ իրենց համար։ Նրանք այնքան էլ ադեկվատ չեն», - ասել է ռուսաստանցի օլիգարխներից մեկը։

«Ռոյթերզ»-ը, վկայակոչելով իր անանուն աղբյուրը, նաև գրում է. - «Ինչքան ուժեղանա Արևմուտքի ճնշումը, այնքան մեծ կլինի ռուս օլիգարխների հիասթափությունը, և ելքը մեկն է՝ հնարավորինս շուտ հեռանալ Ռուսաստանից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG