Մատչելիության հղումներ

Մարիխուանայի օգտագործումը Վրաստանում ապաքրեականացվեց


Վրաստան - Մարիխուանայի օգտագործումն ապաքրեականացնելու պահանջով ցույց Թբիլիսիում, արխիվ

Վրաստանը ապաքրեականացրել է մարիխուանայի օգտագործումը: Սահմանադրական դատարանը հինգշաբթի օրը բավարարել է «Գիրչի» կուսակցության անդամ Գիվի Շանիձեի հայցը և չեղարկել քրեական պատասխանատվությունը մարիխուանա օգտագործելու համար:

Դատարանի որոշման մեջ ասված է, որ մարիխուանայի օգտագործումը չի ընկնում «թմրանյութեր անօրինական պատրաստելու, ձեռք բերելու և պահելու» հոդվածի տակ, քանի որ այն հակասում է Վրաստանի Սահմանադրությանը, ըստ որի՝ յուրաքանչյուր ոք իր անհատականությունը զարգացնելու իրավունք ունի:

«Վրաստանի քաղաքացի Գիվի Շանիձեն ընդդեմ խորհրդարանի» գործի լսումներում հայցվորը ասել է, թե մարիխուանան կարող է օգտագործվել ինչպես բժշկական, այնպես էլ զվարճանալու նպատակներով, «կարևորը՝ որ մարդը իրավունք ունենա ինքնուրույն ընտրել լիցքաթափվելու և հանգստի իրեն համապատասխանող ձևերը»:

Ըստ դատարանի՝ պատասխանող կողմը չի կարողացել գիտական ուսումնասիրությունների կամ կյանքի փորձի վրա հիմնված ապացույցներ ներկայացնել, թե մարիխուանայի ազդեցությունը մեծացնում է հանցագործություն կատարելու կամ հասարակական կարգը խախտելու սպառնալիքները:

«Դատարանը գտավ, որ անհատապես օգտագործելու դեպքում քրեական պատիժը չի կարող դիտարկվել որպես հանրային կարգը պաշտպանելու միջոց», - նշված է որոշման մեջ, որը հրապարակվել է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում:

«Գիրչի» կուսակցությունում Սահմանադրական դատարանի որոշումը պատմական են համարել: «Այսօր մենք ավելի ազատություն ստացանք, այսօրվանից Վրաստանում մարիխուանա ծխելը արդեն հանցանք չէ, շնորհավորում եմ», - Ֆեյսբուքի իր էջում գրել է կուսակցության անդամ Նիկա Քավթարաձեն:

Անցած հուլիսին Վրաստանի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել Քրեական օրենսգրքի այն դրույթները, որոնք քրեորեն պատժելի հանցանք էին համարում անձնական օգտագործման համար մարիխուանա աճեցնելը: Սահմանադրական դատարան էին դիմել մի խումբ քաղաքացիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG