Ռուսաստանը հավանություն է տվել մի նախագծի, որով ռուսական ռազմական օդանավերը կարող են օգտագործել Եգիպտոսի ռազմաբազաները: Այս նախագիծը թույլ է տալիս Մոսկվային մեծացնել իր ներկայությունը Մերձավոր Արևելքում:
Նախագիծը հրապարակվել է երեկ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից ստորագրվելուց հետո: Անհրաժեշտ է դեռ որոշ մանրամասների շուրջ բանակցել եգիպտական կողմի հետ:
Համաձայն այս փաստաթղթի՝ կողմերին հնարավորություն է տրվում օգտագործել միմյանց ավիաբազաները 5 տարի ժամկետով, որը փոխադարձ համաձայնության դեպքում կարող է երկարացվել:
Ռուսաստանը իր ներկայությունը Մերձավոր Արևելքում ամրապնդեց 2015 թվականին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի զորքերին աջակցություն ցուցաբերելով:
Ռուսաստանը ռազմաօդային բազա և ռազմածովային նավատորմի մատակարարման ենթակառուցվածք ունի Սիրիայում:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին բարեկամական հարաբերությունների մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, զարգացնում է իր երկրի առևտրային կապերը Ռուսաստանի հետ, ինչպես նաև հետաքրքրված է ռուսական զենքի գնումներով: