Մատչելիության հղումներ

Բազմազավակ ծնողները կառավարությունից բարելավում են պահանջում


Երևան, Հանրապետության հրապարակ, 30-ը նոյեմբերի, 2017 թ․
Երևան, Հանրապետության հրապարակ, 30-ը նոյեմբերի, 2017 թ․

10-ը երեխաների մայր Ծաղիկ Վարդանյանը տարիներ շարունակ դիմել է տարբեր գերատեսչությունների՝ իր բազմանդամ ընտանիքին բնակարան տրամադրելու խնդրանքով, սակայն մինչ այսօր արձագանք չի ստացել: «Կան արվեստագետներ, որ ունեն 2-3 բնակարան, մեկ էլ տեսնում ես՝ պարգևատրում տվեցին ևս 4-րդ բնակարանը: Բայց այսօր արդյո՞ք 10 և ավելի երեխա ունեցող մայրերին իրենք որևէ պարգևատրում են տվել»,- տարակուսում է նա:

48-ամյա կինը դժգոհում է՝ բազմազավակ ընտանիքներն այսօր անտեսված են: Ինչու՞ են Երևանի կենտրոնում շարունակում բազմահարկ շենքեր կառուցել, որենցում նույնիսկ բնակիչներ չկան, իսկ բազմազավակ ընտանիքներն անմխիթար պայմաններում են ապրում, շարունակում է 10 երեխաների մայրը․ «Եթե երեք հարկանի շենք կառուցեին, ինչքան մարդու կկարողանային բավարարել: Եթե էսօր կազինոյի համար հողատարածք կա, բա մի բազմազավակ ընտանիք էդ մի կազինոյի չափ չկա՞, որ բավարարեն»:

Վարդանյանի ընտանիքը 2001 թվականից ապրում է Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող նախկին ուսումնարանի շենքում: Կինն ասում է՝ երեխաները տան խոնավությունից հիվանդանում են, հաճախ տանը կարիճներ են տեսնում, վախենում: Երաժիշտ մանկավարժ Ծաղիկն այժմ վատառողջ ամուսնուն և երեխաներին է խնամում: Ընտանիքը խնդիրներ շատ ունի, սակայն խոսում են միայն ամենակարևորից: Ասում է՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացուցիչներն իրենց բնակարանը նայել են, ասել են՝ կօգնեն, սակայն նրանց խոստումն այդպես էլ իրականություն չի դարձել:

«Ես ներկայացրի, որ ի վիճակի չենք բետոնե հատակին քնելու, շատ դժվար է: Մի ննջարանում երկու աղջիկս երկու ծեր տատիկների հետ են քնում, 2 աղջիկս ամուսնացան, լավ է ․․․․երկու երեխաներս էլ հատակին են քնում»,- պատմում է Ծաղիկ Վարդանյանը:

Նա և բազմազավակ մի քանի այլ ծնողներ այսօր կառավարության շենքի մոտ էին, ցանկանում էին առաջարկներ ներկայացնել՝ կապված կառավարության մշակած «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծի հետ: Այդ նախագծով սահմանվում են բազմազավակ ընտանիքներին տրամադրվող աջակցության նպատակները, սկզբունքները, տեսակներն ու ֆինանսավորման աղբյուրները: Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ պետությունը բազմազավակ ընտանիքներին նախ ապահովի աշխատատեղերով:

14 զավակների հայր, 43-ամյա Մարտիկ Մելքոնյանն ասում է, թե ինքը գիտի՝ ինչպես իրականացնել առաջիկա 23 տարիներին Հայաստանի բնակչությունն առնվազն 4 միլիոնի հասցնելու՝ նախագահ Սերժ Սարգսյանի տեսլականը: «Երիտասարդ ընտանիքին տալ բնակարան, 1 տոկոսով, 25 տարի ժամկետով: Հինգը ունենալու դեպքում՝ 30 տոկոս զեղչ, մյուսն ունենալուց՝ ևս 30 տոկոս, յոթին ունենալուց՝ նվեր բնակարան»,- իր ծրագիրն է ներկայացնում Մարտիկ Մելքոնյանը:

Բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչներն իրենց առաջարկություններով նամակը փոխանցեցին վարչապետին: Ասում են՝ արձագանք չստանալու դեպքում, կդիմեն նախագահին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG