Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ականները դեմ քվեարկեցին «Ապրիլյան հերոսների» փողոց ունենալու առաջարկին


Երևանի ավագանու նիստում, 29-ը նոյեմբերի, 2017 թ․

Լենինգրադյան և Իսակովի պողոտաներն իրար կապող նորակառույց ճանապարհն այսուհետ կկրի Մոնթե Մելքոնյանի անունը։ Երևանի «Սարալանջ» փողոցի մի հատվածն էլ կոչվեց Լեոնիդ Ազգալդյանի անվամբ:

Երևանի ավագանու անդամների մեծեմասնությունն այսօր դեմ քվեարկեց մայրաքաղաքում «Ապրիլյան հերոսների, Վազգեն Առաջին կաթողիկոսի, Վռամշապուհ արքայի անուններով փողոցներ ունենալու» մասին նախագծին:

Այն ներկայացրել էր «Ելք» խմբակցությունը, առաջարկելով փոխել խորհրդային գործիչներ Արսեն Ամիրյանի, Սարգիս Կասյանի և Ֆրունզեի պատվին կոչվող փողոցների անունները։ Նիստին ներկա՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության երկու անդամները բոյկոտեցին քվեարկությունը, չմասնակցեցին նաև ղարաբաղյան պատերազմի մասնակից՝ անվանի ռազմական գործիչներ Մոնթե Մելքոնյանի և Լեոնիդ Ազգալդյանի անուններով փողոցների անվանակոչման քվեարկությանը։

Մարինա Խաչատրյանի և Սոնա Աղեկյանի համոզմամբ՝ այդ հերոսների անուններին վայել չեն ծայրամասային փողոցները․ «Իսկ անընդհատ սլացող մեքենաների համար որևէ էական նշանակություն չունի՝ նրանք խցանման մեջ են իր անվամբ դաստիարակող արցախյան հերոսի անունը կրող փողոցու՞մ, թե որևէ փակուղում»:

«Ելքի» ու ՀՀԿ-ի համատեղ նախագիծն ընդունվեց՝ Լենինգրադյան և Իսակովի պողոտաներն իրար կապող նորակառույց ճանապարհն այսուհետ կկրի Մոնթե Մելքոնյանի անունը։ Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոց կոչելու երկու տարբեր առաջարկ կար՝ «Ելքն» առաջարկում էր փոխել Լենինգրադյանի անվանումը, ՀՀԿ-ն՝ անվանափոխել «Սարալանջի» մի հատվածը։ «Ելքից» Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ճիշտ փողոց է Հանրապետականն ընտրել, և արդյո՞ք կա հանրության կարծիքը։

Լենինգրադյան փողոցն Ազգալդյանի անունով կոչելու կողմնակից՝ «Ելք» խմբակցությունից Անահիտ Բախշյանը շեշտեց՝ Ռուսաստանից գուցե դժգոհություններ հնչեն, բայց Լեոնիդը, միևնույն է, արժանի է: «Ազգալդյանի անունով պետք է կոչվի ո՛չ այդ 700 մետրանոց փողոցը, այլ շատ ավելի ներկայանալի՝ Լենինգրադյան փողոցը: Էսօր չի լինի, մի օր կլինի, կտեսնեք, հանրապետականներ»,- ասաց Բախշյանը:

Մեծամասնություն կազմող Հանրապետականի քվեարկությամբ, սակայն, այսուհետ Երևանի «Սարալանջ» փողոցի մի հատվածը, ոչ թե Լենինգրադյան փողոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը։ Երևանի ավագանու որոշմամբ՝ ռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի թանգարանի հարակից փոքրիկ փողոցը ևս կրելու է նրա անունը, Հնդկաստանի դեսպանատան հարակից տարածքն էլ՝ այդ երկրի անունը ստացավ։

Հանրապետականը դեմ քվեարկեց Ամիրյան փողոցը Վռամշապուհ արքայի, Կասյանը՝ Վազգեն առաջին կաթողիկոսի անուններով կոչելու՝ «Ելք» խմբակցության առաջարկներին։ Լեոնիդ Ազգալդյանի անունով «4-րդական փողոց» կոչելու՝ «Ելքի» դժգոհությանը չարձագանքած քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կասյանը հարմար փողոց չհամարեց Վազգեն Վեհափառի անվան համար։ «Կողմ ենք Վազգեն Վեհափառի անվամբ Երևանում փողոց ունենալ և ավելի լավ վայրում, քան Կասյան փողոցը»,- ասաց քաղաքապետը:

Մինչ փողոցների անվանակոչումը, ավագանին հավանություն տվեց նաև մի շարք հուշատախտակների տեղադրմանը: «Երկիր Ծիրանիից» Մարինա Խաչատրյանը հիշեց Երևանում «Հայ մեծեր» անունը կրող պաստառները, ավելորդ համարելով քաղաքապետի հոր՝ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պաստառի գոյությունը։ «Եթե մեր մայրաքաղաքում տեղադրված են ոչ միայն հայ մեծերի ցուցապաստառները, ապա մեր խմբակցությունն առաջարկում է այդ ցուցապաստառների շարքում ներառել նաև Քիմ Քարդաշյանի ցուցապաստառը: Համաձայնվեք, որ անհամեմատելի են նաև Քիմ Քարդաշյանի ու Անդրանիկ Մարգարյանի հետևորդների քանակները»,- ասաց Մարինա Խաչատրյանը:

Արձագանքեց հանրապետական խմբակցության անդամ, Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը․ «Շատ վտանգավոր տեղ եք մտնում, հասկանում են, որ տիկին Փոստանջյանն այսօր Քիմ Քարդաշյանի հետ նույն հողի վրա է, դուք էլ եք երևի ցանկանում այնտեղ գտնվել, բայց ձեր դեպքում կարող է մի պիտակ կպներ, որից շատ դժվար կլինի ազատվել»:

«Ելքն» առաջարկեց նաև փողոց անվանակոչել բարերար Քըրք Քըրքորյանի անունով, սակայն կառավարության որոշման համաձայն՝ մարդու մահվանից 10 տարի հետո է միայն հնարավոր անվանակոչությունը։ Շառլ Ազնավուրի անունով «Մոսկվա» կինոթատրոնի հարակից հրապարակն, օրինակ, անվանակոչվել է ավելի վաղ, երբ կառավարության նման որոշում դեռ չկար։ Այդ առաջարկների մերժումից հետո «Ելքից» Ալեն Սիմոնյանն առաջարկեց՝ թեկուզ այլ անուններ տալ, բայց փոխել բոլշևիկյան գործիչներ Անաստաս Միկոյանի, Արսեն Ամիրյանի և Ֆռունզեի փողոցների անունները: Տարոն Մարգարյանը հանրապետականներին հանձնարարեց քննարկել միայն Ֆրունզեի փողոցի հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG