Մատչելիության հղումներ

Հայկական պատվիրակությունը կոչ է անում՝ ՍԾՏՀ ԽՎ-ն չծառայեցնել «որոշ պետությունների քաղաքական շահերին»


ՍԾՏՀ և անդամ երկրների դրոշները

Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) հայկական պատվիրակությունը բոլոր պատվիրակություններին կոչ է անում չտրվել սադրանքների և տնտեսական կառույցը «չծառայեցնել որոշ պետությունների քաղաքական շահերին»։

Հայկական պատվիրակությունը նշում է, որ ՍԾՏՀ ԽՎ-ի հոբելյանական 25-րդ տարում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ աննախադեպ երևույթի է ականատես եղել:

«Վեհաժողովի հիսուներորդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակությունների անդամները մոտ մեկ ժամ սպասում էին դահլիճում, պարզվեց, որ բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի և Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել և ինչ-որ հարց էին քննարկում: Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը: Սա մենք որակում ենք իբրև վիրավորանք ոչ միայն հայկական պատվիրակության, այլև բոլոր պատվիրակությունների և ընդհանուր կառույցի հանդեպ», - ասված է հայկական պատվիրակության հայտարարության մեջ, որի տեքստը տեղադրված է Հայաստանի Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում։

Պատվիրակությունն արձանագրում է, որ ՍԾՏՀ ԽՎ-ի 25-ամյա պատմության ընթացքում նման դեպք երբեք չի եղել։

«Մենք այդ գործելաոճը գնահատում ենք իբրև կառույցի ավանդույթների և էության ոտնահարում: Նման աշխատաոճն անընդունելի և դատապարտելի է ցանկացած խորհրդարանական վեհաժողովի համար: Իբրև բողոքի նշան՝ հայկական պատվիրակությունը լքել է Վեհաժողովի դահլիճը: Հետագայում պարզվեց, որ վերոհիշյալ քննարկման արդյունքում հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքներին», - ասված է հայտարարությունում:

ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը բոլոր պատվիրակություններին կոչ է անում «չտրվել սադրանքների, տնտեսական կառույցը չծառայեցնել որոշ պետությունների քաղաքական շահերին, դատապարտել այսօրինակ գործելաոճը և վերադառնալ կառուցողական համագործակցության դաշտ, ինչը բխում է ՍԾՏՀ ԽՎ-ի էությունից և ավանդույթներից»:

Նշենք, որ ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարը ներկայումս Ադրբեջանի ներկայացուցիչ Ասաֆ Հաջիևն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG