Մատչելիության հղումներ

Հերհերի գլխավոր խնդիրը ճանապարհն է


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ասուլիսը Ջերմուկում, 25֊ը նոյեմբերի, 2017թ․
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ասուլիսը Ջերմուկում, 25֊ը նոյեմբերի, 2017թ․

Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղ տանող դժվարանցանելի, անբարեկարգ ճանապարհը համայնքի գլխավոր խնդիրն է: Հերհերը, որը խոշորացման արդյունքում միացել է Ջերմուկ համայնքին, Ջերմուկի ուղիղ գծով կապվող ճանապարհ չունի:

«Տաքսիները գյուղ չեն գալիս, որոշ մարդիկ, որ իրենց սեփական մեքենաները ունեն շարժվում են, մնացած բոլորը ոնց որ տուպիկովի՝ չեն կարողանում», ֊ «Ազատությանը» պատմեց բնակիչներից մեկը:

Հերհերցիները զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ: Գյուղում տեխնիկա կա՝ գործ անող չկա, նշեց Հերհերի բնակիչ Սերոբ Արամյանը: ֊ «Գյուղացին էսօր չի կարողանում, էն հնարավորությունը չունի, որ վարի, ցանի, որովհետև դիզվառելիքը թանկ ա, գյուղացին նորմալ սերմացու չունի որ ցանի: Երեսուն տոկոսն է, որ ժողովուրդը կարողանում է վարուցանք անել, խոտ հավաքել», ֊ հավելեց նա:

22-ամյա Ժորա Վարդազարյանը գյուղում տպարան է հիմնել, որի աշխատանքից չի դժգոհում: Ասում է՝ այստեղ տուրիզմը զարգացնելու համար մեծ ներուժ կա:

«Մեր գյուղի տարածքում կան խաչքարեր, եկեղեցիներ, հին կառույցներ, որոնք զբոսաշրջիկների համար հետաքրքրություն են», ֊ նշեց նա։

Հերհերցիները նաև անտեսված լինելուց են դժգոհում:

«Ուղղակի պիտի ընենց արվի, որ մենակ քաղաքում ապրողը լավ չապրի: Խի, ասենք, քաղաքում տեղեր կա՝ տարին էրկու֊իրեք անգամ ասֆալտում են․․․ գյուղացին ապրող չի՞, որ ստեղ պայմաններ չլինի», ֊ նշում է Ժորա Վարդազարյանը:

Ջերմուկի հետ միավորված Հերհեր վարչական շրջանի ղեկավար, հանրապետական Անդրանիկ Աբրահամյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ինքն արդեն հաշտվել է այն մտքի հետ, որ գյուղը ճանապարհ չունի:

«Պիտի մեր երկրի հնարավորությանը նայենք, եթե չունենք հնարավորություն՝ ումի՞ց պահանջենք», ֊ կարծիք հայտնեց Աբրահամյանը:

Գյուղացիները բերքից չեն բողոքում, խնձորի, ծիրանի, ընկույզի հարուստ այգիներ ունեցող գյուղը, սակայն, չի կարողանում բերքն իրացնել:

Վերջին մի քանի տարիներին Հերհերը մինչև հազար բնակիչ է ունեցել, այսօր գյուղում արդե 727 մարդ է ապրում: Բնակիչների խոսքով, ծերացող այս գյուղում բնակիչներն անելիք չունեն:

Երեք երեխաների մայր Հերմինե Հախվերդյանն ասում է՝ գյուղում չկան խմբակներ, երեխան դաշնամուր ունի, բայց նվագել չգիտի:

Յուրաքանչյուր համայնքի համար կա զարգացման ծրագիր, ռեսուրսները սահմանափակ են, խնդիրներն ու անելիքները՝ շատ, Ջերմուկում լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Ազատության» այն հարցին, թե գյուղացիները դժգոհում են ճանապարհից, արդյո՞ք պատրաստվում են այս խնդրին լուծում տալ, ասաց՝ դա մեկ օրվա լուծելու խնդիր չէ: Դիտարկմանը՝ ինչո՞ւ մինչև այսօր խնդիրները չեն համակարգվել, արձագանքեց․ ֊ «Միգուցե ժամանակ է իսկապես պետք: Այսինքն՝ իհարկե, մի դեպքում կարելի է ասել, որ դա շատ ավելի շուտ կարելի էր անել, կամ պետք էր անել, մյուս դեպքում, ես կարծում եմ, որ ավելի լավ է այսօր մենք անենք, քան ավելի ուշանանք այդ անելիքների առումով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG