Ավելի քան երկամսյա դադարից հետո Հյուսիսային Կորեան անցած գիշեր բալիստիկ հրթիռի հերթական` այս տարի թվով 11-րդ փորձարկումն իրականցրեց: Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունն այդ մասին տեղեկացրեց վաղ առավոտյան` մանրամասնելով, որ արձակված հրթիռը միջմայրցամաքային էր և կրում էր «Հվասոն 15» անվանումը:
Արևմտյան աղբյուրների համաձայն, հյուսիսկորեական հրթիռը օդում է գտնվել 53 րոպե, վայր է ընկել ծովում`Ճապոնիայի հյուսիսում գտնվող Աոմորի գավառի ափամերձ շրջանից քիչ հեռու:
Պաշտոնական Փհենյանի այս գործողությանն առաջիններից մեկը արձագանքեցին Վաշինգտոնում: Սպիտակ տանը շտապ կարգով հրավիրված խորհրդակցության ավարտին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նշել է․ - «Քիչ առաջ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռ է արձակվել: Մենք կզբաղվենք այդ խնդրով: Այժմ այստեղ է նաև [պաշտպանության նախարար] գեներալ Մաթիսը, և մենք բավական երկար քննարկում ենք անցկացրել այս հարցի շուրջ: Սա մի իրավիճակ է, որը մենք հանգուցալուծելու ենք»:
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսի խոսքով, անցած գիշեր տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ Փհենյանը նոր հաջողություններ է արձանագրել հրթիռային զինանոցի զարգացման հարցում․ - «Մոտ երկուևկես ժամ առաջ Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակեց: Պետք է խոստովանել, որ այս հրթիռը, ի տարբերություն նախորդ փորձարկվածների, շատ ավելի մեծ բարձրության վրա հայտնվեց: Դա Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների մշակման և զարգացման հարցում գործադրած ջանքերի վկայությունն է: Նրանք շարունակում են ստեղծել բալիստիկ հրթիռներ, որոնք հիմնականում կարող են հարվածել աշխարհի ցանկացած կետի»:
Արևմտյան վերլուծաբանները համոզված են, որ պաշտոնական Վաշինգտոնի անհանգստությունը պատահական չէ:
«Եթե այդ հրթիռի թռիչքը ընթանա նախապես ծրագրված հետագծով, ապա այն ի վիճակի կլինի հարվածել Միացյալ Նահանգների տարածքում գտնվող ցանկացած թիրախի», - նշել է միջուկային հարցերով փորձագետ Դեյվիդ Ռայթը:
Հյուսիսային Կորեայի անմիջական հարևանները հրթիռի փորձարկումից անմիջապես հետո դիմեցին կտրուկ քայլերի: Հյուսիսկորեական «Հվասոն 15-» հրթիռը դեռ օդում էր, երբ Հարավային Կորեայի բանակը հրթիռային հարվածներ հասցրեց ուսումնական թիրախներին:
Ճապոնիայի իշխանությունները Փհենյանի հերթական քայլից հետո դիմեցին հակազդեցության դիվանագիտական միջոցների: Երկրի վարչապետ Սինձո Աբեն Տոկիոյում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց․ - «Մենք պահանջում ենք Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի շտապ նիստ գումարել: Միջազգային հանրությունը պետք է շարունակի վճռականորեն Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներ սահմանել»:
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս կոչ է արել պաշտոնական Փհենյանին զերծ մնալ Հեռավոր Արևելքում իրադրությունը ապակայունացնելու փորձերից:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակման վերաբերյալ հստակ դրույթներ կան: Չինաստանը լրջորեն մտահոգված է Հյուսիսային Կորեայի գործողություններից և կոչ է անում Փհենյանին հետևել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջներին`զերծ մնալով կորեական թերակղզում իրադրության հետագա սրացումից», - նշել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:
Պաշտոնական Մոսկվան ևս կոչ է արել Հյուսիսային Կորեայի իշխանություններին դադարեցնել բալիստիկ հրթիռների փորձարկումները: Այսօր կեսօրին նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը` կոչ անելով նաև Հարավային Կորեայի իշխանություններին հրաժարվել դեկտեմբերի սկզբին լայնածավալ ռազմաօդային զորավարժություններ անցկացնելու մտադրությունից: