Թուրքիայի դատախազությունը զինված ուժերում ևս 360 զինծառայողի ձերբակալելու սանկցիա է տվել: Նրանք համարվում են Ֆեթուլլահ Գյուլենի համակիրներ: «Անադոլու» գործակալությունը այսօր հաղորդել է, որ նրանց թվում ավելի քան 200-ը ներկա պահին զինվորական ծառայության մեջ են:
«Դողան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ստամբուլի ոստիկանությունը կասկածյալներին ձերբակալելու գործողություններ է սկսել: Արդեն ձերբակալվածներ կան, այդ թվում՝ յոթ օդաչու:
Անցյալ տարվա հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունները ավելի քան 50 հազար մարդու են ձերբակալել, մոտավորապես 150 հազար մարդ պաշտոնանկ է արվել: Անկարան հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին:
Անցած շաբաթ ևս 700 մարդ էր ձերբակալվել:
Արևմուտքը, իրավապաշտպան խմբերը Թուրքիայի իշխանություններին հանդիմանում են հեղաշրջման գործ հետաքննությունն օգտագործելով այլախոհների դեմ բռնաճնշումներ իրականացնելու մեջ: