Մատչելիության հղումներ

Լուրջ հիմքեր կան ասելու, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա է. Հոկտանյան


«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը դրական է գնահատում այն, որ նախագահ Սերժ Սարգսյանը Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) հիշեցրել է, որ հակակոռուպցիոն պայքարը ազգային անվտանգության հարց է։

Երեկ Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում ասել էր. - «Հակակոռուպցիոն պայքարը մեզ համար ազգային անվտանգության հարց է, որին այլընտրանք պարզապես չկա»։

«Միգուցե առաջին անգամ է դա ասվում բառացի, բայց կարծես թե առաջներում էլ էր դա ասվում, գիտակցվում։ Մենք արդեն երրորդ ռազմավարության շրջանում ենք, այսպես ասած, բայց կարծես դա ամեն տեղ շեշտվում է, և իհարկե դրական եմ համարում այն, որ հիշեցրել է պարոն նախագահը, որ դա ազգային անվտանգության հարց է։ Ես նույնիսկ ավելի կուժեղացնեի շեշտադրումը՝ սա լինել-չլինելու հարցն է Հայաստանի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հոկտանյանը։

Հարցին, թե այս հայտարարությունից հետո ինչ-որ բան կփոխվի՞, ԹԻՀԿ ծրագրերի ղեկավարը պատասխանեց. - «2008-ից, երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց նախագահի պաշտոնը, հիշում եմ, այն ժամանակ էլ ասվում էր, որ «ձկանը պետք է գլխից բռնել», «պետք է մեծ ձկների հետևեց ընկնել» և այլն, այսինքն՝ ասել, որ այստեղ ինչ-որ ֆունդամենտալ նոր բան ասվեց, իհարկե՝ ոչ։ Եթե նայում ենք օբյեկտիվ ցուցանիշներին, հունվարին կլինի 15 տարին, որ ես այս ոլորտում եմ, պատկերն այսպիսին է՝ այդ ինդիկատորներում այս 15 տարվա մեջ էական փոփոխություն չեմ տեսնում։ Դրանից ելնելով է, որ ելույթներ լսելուց վաղուց արդեն ոգևորություն չեմ ապրում, որովհետև ես տեսնում եմ օբյեկտիվ թվերն, այն, ինչ իմ շուրջը կատարվում է։ Բայց թեկուզ դրական է այն, որ կտրուկ չի վատացել, չնայած, եթե նայում ենք «Թրանսփարենսի»-ի կոռուպցիայի ընկալման համաթիվը, 2014 թվականից դանդաղ վատացում կա, տեսնենք՝ սա կդառնա՞ կայուն միտում, թե՞ կկանգնի։ Այդպիսի մի իրավիճակ էր 2008-2011 թվերին, որից հետո շատ թույլ որոշ լավացում եղավ՝ 2011-2014-ը, բայց, եթե մաթեմատիկական լեզվով ասենք, վիճակագրական սխալի սահմաններում է»։

Հոկտանյանը նշեց, որ լուրջ հիմքեր կան ասելու, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա է։ «Դա գալիս է հենց այդ համաթվերից, դա գալիս է որոշ որակական հետազոտություններից՝ նույն հիերարխիկ բնույթը կոռուպցիայում, որ բրգաձև է, այլ ցուցանիշներ և չափանիշներ խոսում են համակարգային լինելու մասին», - ասաց ԹԻՀԿ ծրագրերի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG