Մատչելիության հղումներ

Արթուր Դավթյանը Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է Յուրի Չայկայի հետ


Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հետ:

Ըստ Հայաստանի գլխավոր դատախազության, Արթուր Դավթյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակներում ուրախ է արձանագրել երկու դաշնակից, բարեկամ երկրների դատախազությունների միջև հարաբերությունների մակարդակի բարձրացման միտումները:

Հայաստանի գլխավոր դատախազը շեշտել է երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության խորացումն առավել ծրագրահեն դարձնելու անհրաժեշտությունը՝ առաջին հերթին նկատի ունենալով հատկապես ԵԱՏՄ շրջանակներում մարդկանց և էլեկտրոնային ծառայությունների ազատ տեղաշարժի աճող ծավալներն ու այդ համատեքստում քննությունից և արդարադատությունից խուսափող անձանց հայտնաբերելու, կիբերհանցագործությունների, ահաբեկչության դեմ պայքարում ներդրվող համատեղ ջանքերն ավելացնելու անհրաժեշտությունը:

Յուրի Չայկան բարձր է գնահատել ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի գործունեությունն առավել նպատակային դարձնելու Հայաստանի դատախազության ջանքերը:

Նա նշել է, որ հաստատված իրավապայմանագրային բազան, ինչպես նաև երկու երկրների դատախազությունների միջև հաստատված երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունն անհրաժեշտ պայմաններ են ստեղծել երկու երկրներում միմյանց քաղաքացիների իրավունքների պաշտպանության, իրավական փոխօգնության, ինչպես նաև միջազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու համար:

Գլխավոր դատախազները քննարկել են նաև իրավական փոխօգնության և դատաիրավական ոլորտում գործակցությանն առնչվող հարցեր:

Արթուր Դավթյանն իր ռուս գործընկերոջը 2018թ. հրավիրել է Հայաստան՝ Հայաստանի դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Հանդիպման արդյունքներով Արթուր Դավթյանը և Յուրի Չայկան ստորագրել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև 2018-2020թթ. համագործակցության ծրագիրը, որով մասնավորապես նախատեսվում են համատեղ աշխատանքներ ԵԱՏՄ տարածքում հանցավորության դեմ պայքարի և հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձման ուղղությամբ: «Արթուր Դավթյանն իր խոսքում նշել է, որ երկու երկրների դատախազությունների միջև 2006թ.-ից առ այսօր ստորագրվող համագործակցության՝ թվով 5-րդ ծրագրով նախատեսված միջոցառումները կարևոր նշանակություն ունեն կողմերի միջև հետագա իրավական համագործակցության խորացման համար», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG