Թուրքիան մոտ ապագայում կարող է զգալի առաջընթաց արձանագրել Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի հաստատման հարցում: Այս մասին, դիմելով Ստամբուլում ընթացող Բոսֆորյան 8-րդ համաժողովի մասնակիցներին, օրերս հայտարարեց Եվրամիության ներգաղթի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:
«Մենք նաև աշխատում ենք ընդհանուր մի նպատակի` կենսաչափական անձնագիր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար Եվրամիության տարածք ազատ մուտքի հնարավորություն ապահովելու ուղղությամբ: Հավատացնում եմ ձեզ, որ մեզ մնացել է անցնել այդ ճանապարհի վերջին հատվածը: Մենք սերտորեն համագործակցում ենք Թուրքիայի հետ՝ վիզային ազատականացման համար անհրաժեշտ բոլոր պահանջների կատարման նպատակով: Եվ դա մեծ երջանկություն կլինի ինձ համար, եթե ես առաջիններից մեկը ազդարարեմ այս մեծ երկրին վերաբերող այդ հրաշալի լուրը», - հայտարարում էր Ավրամոպուլոսը, որի այս հայտարարությունը Ստամբուլի համաժողովի մասնակիցները ծափահարություններով դիմավորեցին:
Թուրքիայի և Եվրամիության միջև ազատ վիզային ռեժիմի հաստատման մասին Անկարան և Բրյուսելը պայմանավորվեցին 2016 թվականի մարտին՝ երկարատև բանակցություններից հետո: Այդ համաձայնագրով Թուրքիան զգալի ֆինանսական օժանդակություն էր ստանում Եվրամիությունից` ուժեղացնելով իր սահմանների հսկողությունն ու սահմանափակելով ներգաղթյալների հոսքը դեպի Եվրոպա: Դրա դիմաց Եվրամիությունը խոստանում էր Թուրքիայի` կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիներին հնարավորություն ընձեռել առանց մուտքի վիզաների կարճաժամկետ այցերով մեկնել Շենգենյան գոտու պետություններ:
2016-ի հուլիսյան անհաջող հեղաշրջումից և դրան հաջորդած զանգվածային ձերբակալություններից հետո համաձայնագրի կատարումը փաստորեն սառեցվեց: Եվրամիության ղեկավարները նշում են, որ Թուրքիայի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատման մասին որոշումը կկայացվի միայն երկրի հակաահաբեկչական օրենսդրության մի շարք դրույթների վերանայումից հետո: Բրյուսելում վստահ են, որ Ռեջեփ Էրդողանի կառավարությունը ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ իրականում հաշվեհարդար է տեսնում քաղաքական հակառակորդների հետ: Դիմիտրիս Ավրամոպուլոսի խոսքով, սակայն, Բրյուսելն ու Անկարան ի վիճակի են հաղթահարել առկա տարաձայնությունները:
«Ես համոզված եմ, որ Թուրքիան կշարունակի շարժվել եվրոպական ուղով` մերձենալով եվրոպական պետությունների հետ ոչ միայն աշխարհքաղաքականության, այլև հիմնարար սկզբունքների տեսանկյունից: Հատուկ ընդգծեմ, որ այդ սկզբունքները ամրագրված են նաև Թուրքիայի Սահմանադրության տեքստում», - հայտարարում էր Եվրամիության հանձնակատարը: