Մատչելիության հղումներ

Հայաստանն ինքնիշխան է՝ իրագործելու ինչպես ՌԴ-ի, այնպես էլ ԵՄ-ի հետ կապված ներուժը․ «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչ


Արմեն Աշոտյան և Սերգեյ Ժելեզնյակ, Երևան, 28-ը նոյեմբերի, 2017 թ․

«Մենք կարծում ենք, որ Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, ունի բոլոր իրավունքներն ու հնարավորությունները՝ իրագործելու ինչպես իր ներուժի այն մասը, որն ավանդաբար կապված է Ռուսաստանի հետ, այնպես էլ Եվրամիության հետ կապված ներուժը»:

Այսօր Հայաստանի իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի անդամ Սերգեյ Ժելեզնյակը, շարունակելով․ «Առավել ևս, որ հստակ ամրագրված է՝ եվրոպական համաձայնությունները որևէ ձևով չեն կարող չեղարկել այն պարտավորություններն ու համաձայնությունները, որոնք Հայաստանն արդեն իսկ ստանձնել է:

«Եդինայա Ռոսիա» կուսակցության պատվիրակությանը երեկ նաև նախագահ Սերժ Սարգսյանն է ընդունել։ Այդ հանդիպման ընթացքում Ժելեզնյակը Հայաստանի քաղաքականությունը բավականին «իմաստուն և կշռադատված» է որակել: Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի իշխող ուժի ներկայացուցիչը ընդգծել է՝ ՌԴ իշխող կուսակցությունը կողմ է հարաբերությունների և համագործակցության զարգացման «և՛-և՛»-ի, այլ ոչ թե «կա՛մ-կա՛մ»-ի քաղաքականությանը:

Հայաստանն այդ համատեքստում է զարգացնում իր հարաբերությունները ՌԴ-ի և ԵՄ-ի հետ: Ուստի, ըստ Սերգեյ Ժելեզնյակի, բոլոր այն տեսակետները, որոնք տարբերվում են վերոնշյալ դիրքորոշումից, չեն արտահայտում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն ու իշխող քաղաքական ուժի մոտեցումները: Լրագրողների հետ զրույցում Սերգեյ Ժելեզնյակն այսօր շեշտեց՝ իր հնչեցրած կարծիքը «Միասնական Ռուսաստանի» պաշտոնական կարծիքն է, այն նաև համահունչ է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ու գործադիր իշխանության դիքորոշմանը:

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հարկ համարեց նշել․ «Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիր է ստորագրել ոչ ի վնաս հայ-ռուսական ռազմավարական գործընկերության, ոչ ի հաշիվ մեր դաշնակցային հարաբերությունների: Իսկ եթե արտահայտվենք, այսպես ասած՝ ռեալ քաղաքականության եզրույթներով՝ Ռուսաստանն ավելի ուժեղ է, երբ ավելի ուժեղ են նրա դաշնակիցները, ուստի՝ ուժեղ, տնտեսապես բարգավաճող և զարգացած Հայաստանն իր ներուժով կարող է ավելի նպաստել հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը»:

Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում հաղորդավարը հայտարարել էր՝ «Եվրամիության հետ ասոցացումը միակ բանը չէ, ինչ Հայաստանն անում է՝ ինչպես Ուկրաինան։ Երևանը նույնպես հերոսացնում է ֆաշիզմի աջակիցներին»: Այնուհետև նա Գարեգին Նժդեհին համեմատել էր ուկրաինական ազգայնականության գաղափարախոս Ստեփան Բանդերայի, իսկ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խորհրդանշանը՝ Ֆաշիստական Գերմանիայի զինանշանի հետ։

Երկու օր անց, սակայն, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանին հղած նամակում հեռուստաալիքը պաշտոնապես ներողություն էր հայցել թույլ տված սխալի համար։ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի անդամ Սերգեյ Ժելեզնյակն այսօր անդրադարձավ նաև լրատվամիջոցների հրապարակումներին․ «Եթե խոսենք տարբեր լրատվամիջոցներով տարբեր մարդկանց հայտարարությունների մասին, Ռուսաստանը, ինչպես և Հայաստանը, ժողովրդավարական պետություն է, յուրաքանչյուրը կարող է ունենալ իր կարծիքը: Մի բան է՝ անհատի կարծիքը, մեկ այլ բան՝ պետական գործչի հայտարարությունը»։

Ժելեզնյակը խորհուրդ տվեց կողմնորոշվել պետական մարմիններից հնչեցրած գնահատականներով։ Հանրապետական Արմեն Աշոտյանն էլ շտապեց ընդգծել, որ իրենք «Զվեզդային» առնչվող միջադեպը սպառված են համարում։

Այսօրվա մամուլի ասուլիսը բացառապես ռուսերենով անցկացվեց։ Թարգմանություն չէր ապահովվել։ «Ազատությանը» հնարավորություն չտրվեց հայերեն հարց հնչեցնել՝ պատճառաբանությամբ, թե այսօրվա աշխատանքային լեզուն ռուսերենն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG