Մատչելիության հղումներ

Տիեզերք արձակված ռուսական արբանյակը նպատակակետին չի հասել


Ռուսաստանի «Վոստոչնի» կայանից տիեզերք արձակված «Մետեոր-Մ» արբանյակը նպատակակետին չի հասել: Ենթադրվում է, որ այն ընկել ու սուզվել է Ատլանտյան օվիկիանոսում: Ռուսաստանի հեռավոր արևելքում համեմատաբար նոր կառուցված «Վոստոչնի» տիեզերակայանից սա հրթիռի արձակման երկորդ փորձն էր, որը ձախողվեց:

«Սոյուզ» հրթիռը պետք է տիեզերական ուղեծիր դուրս բերեր «Մետեոր Մ»- արբանյակը: Տիեզերքում արբանյակը պետք է անջատվեր հրթիռից՝ իր հետ տանելով 18 տիզերական փոքր սարքավորումներ՝ 3-ից մինչև 86 կիլոգրամ կշռող միկրո-արբանյակներ: Դրանք ծրագրում ներառվել էին այլ երկրների հետ «Գլավկոսմոսի» կնքած պայմանագրերի համաձայն: Ռուսական արտադրության սարքավորումներից բացի, հրթիռը կրում էր նաև կանադական, գերմանական, ճապոնական, նորվեգական, շվեդական և ամերիկյան միկրո-արբանյակներ: Ամենայն հավանականությամբ՝ բոլոր 18 սարքավորումները, նաև հիմնական արբանյակը, ընկել են ջուրը:

Հրթիռի արձակումից քիչ անց հաղորդվել է, որ արբայակի հետ կապն ընդհատվել է, ավելի ուշ «Ռոսկոսմոսը» հաստատեց որ «Մետեոր-Մ» արբանյակն ուղեծիր դուրս չի եկել: Ձախողման պատճառներն ուսումնասիրվում են: Մինչ արբանյակի անհետանալը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը շտապել էր շնորհավորել տիեզերակայանի աշխատակիցներին: «Թանկագին կոլեգաներ, ջերմորեն շնորհավորում եմ «Սոյուզ» հրթիռի արձակման կապակցությամբ: Այս պահին պարզապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել լավ, բարեխիղճ աշխատանքի համար, անչափ շնորհակալ եմ, որ դուք այսօր տոն պարգևեցիք մեր երկրին: Փառք Ռուսաստանին»,- «Վոստոչնիում» հայտարարել էր Ռոգոզինը: Նրա հանդիսավոր խոսքերից քիչ անց, սակայն, արբանյակի հետ կապն ընդհատվել է:

Հնարավոր է՝ հրթիռի որոշ մասեր ընկած լինեն Ռուսաստանի տարածքում: Դրանք հայտնաբերելու նպատակով «Ռոսկոսմոսի» մասնագետների մի խումբ ուղղաթիռով որոնողական աշխատանքներ է կատարում հրթիռի հետագծի երկայնքով:

Ամուրի մարզում գտնվող «Վոստոչնի» տիեզերակայանը Ռուսաստանը սկսել է կառուցել 2012 թվականից: Ծախսերը կազմել են մի քանի հարյուր միլիարդ ռուբլի: Վերջին տարիններին մի քանի մարդ է ձերբակալվել այդ ծրագրի հետ կապված գումարներ յուրացնելու և ֆինանսական մեքենայությունների մեղադրանքներով: «Վոստոչնիից» առաջին հրթիռի արձակումը երկու անգամ հետաձգվել է: Նախ 2015-ի դեկտեմբերին պարզվեց, որ տիեզերակայանը դեռ ամբողջովին պատրաստ չէ: Իսկ 2016-ի ապրիլի 27-ին, հրթիռի արձակումից մեկ ու կես րոպե առաջ, անսարքություններ հայտնաբերվեցին, և մեկնարկը մեկ օրով հետաձգվեց:

Առաջին հրթիռի արձակումը տեսնելու համար «Վոստոչնի» էր մեկնել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այն ժամանակ նա նկատողություն էր հայտարարել փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին և «Ռոսկոսմոսի» տնօրեն Իգոր Կոմարովին եղած թերությունների համար: Առաջին հրթիռի արձակումը տեղի ունեցավ, բայց տիեզերական ուղեծիր դուրս բերված երեք արբանյակներից մեկը շուտով շարքից դուրս եկավ:

«Վոստոչնի» տիեզերակայանի կառուցումը նպատակ ուներ թոթափել տիեզերական ծրագրերի կախվածությունը ղազախական Բայկանուրից: Խորհրդային ժամանակներում կառուցված Բայկանուրը գտնվում է Ղազախստանի տարածքում: Այն հիմա ավելի շատ օգտագործվում է միջազգային տիեզերական թռիչքների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG