Մատչելիության հղումներ

Իրանի ԱԳ նախարար․ Թեհրանը կարևորում է Երևանի հետ համագործակցությունը էներգետիկ ոլորտում


Իրանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Մոհամադ Զարիֆի և Էդվարդ Նալբանդյանի համատեղ մամլո ասուլիսը, Երևան, 28-ը նոյեմբերի, 2017 թ․

Այս տարվա առաջին ինը ամիսներին հայ-իրանական առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10 տոկոսով:

Իրանը Հայաստանի հետ համագործակցության կարևորագույն ուղղություններ է դիտարկում էներգետիկ և տրանսպորտային ոլորտները: Այսօր Երևանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Իրանի արտգործնախարարին այսօր ընդունել են նաև նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Բավական լավ հնարավորություններ կան երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Այսօր ինձ ուղեկցում են [իրանցի] գործարարներ, տնտեսական ոլորտի ներկայացուցիչներ: Հայաստանի հետ մեր համագործակցության կարևորագույն ուղղություններն են էներգետիկ ու տարանցման ոլորտները: Կարևորում ենք նաև համագործակցությունը գիտության և տեխնոլոգիաների ոլորտում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մոհամմադ Ջավադ Զարիֆը: ԻԻՀ արտգործնախարարը նաև հույս հայտնեց, որ երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտներում հաջողություն կգրանցվի:

Իր հերթին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ հայ-իրանական միջպետական հարաբերություններն ու երկկողմ փոխգործակցությունն անցած 25 տարիների ընթացքում դինամիկ կերպով զարագացել են՝ ընդգրկելով նոր ոլորտներ: «Մեր հանդիպման օրակարգում էին առևտրատնտեսական համագործակցության խթանման հարցերը: Այդ համատեքստում անդրադարձանք հաջորդ ամիս Երևանում գումարվելիք միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին: ԵԱՏՄ-Իրան համագործակցության հաստատումը կարող է առաջընթաց ապահովել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում»,- հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը:

Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած վերջին տվյալների համաձայն, այս տարվա առաջին ինը ամիսներին հայ-իրանական առևտուրը կազմել է 197,4 միլիոն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 10 տոկոսով: Ընդ որում, Հայաստանից արտահանումը Իրան կազմել է 62,8 միլիոն դոլար, ներմուծումը՝ 134,5 միլիոն դոլար: Այս ցուցանիշով Իրանը Հայաստանի վեցերորդ խոշորագույն առևտրային գործընկերն է:

Վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացել են հայ-իրանական միջպետական շփումները: Անցած տարվա դեկտեմբերին Երևանում էր Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Այս տարվա օգոստոսին Թեհրան այցելեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Անցած ամիս Իրանի մայրաքաղաքում հյուրընկալել էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Այդ այցից հետո Իրանի նավթի փոխնախարար Ամիրհոսեյն Զամանինիային հայտարարեց, որ Կարապետյանը Թեհրանում քննարկել է իրանական գազ գնելու և Իրանի տարածքով դեպի Հայաստան թուրքմենական գազը տեղափոխելու հարցերը:

Վարչապետի իրանական այցից մոտ տասն օր անց Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը լրագրողներին ասաց, որ գազի գնման շուրջ Թեհրանի հետ քննարկումներ մշտապես ընթացել ու ընթանում են, սակայն հավելեց․ «Եթե ցածր գնի առաջարկ կլինի, մենք անպայման կգնենք»:

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով, Հայաստանի ու Եվրամիության միջև օրերս ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը բարձրացրել է Հայաստանի հեղինակությունը Իսլամական հանրապետությունում, և այս հանգամանքը չի կարող ազդեցություն չունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա: «Իրանցիները շահագրգիռ են՝ աշխատելու ԵՄ երկրների հետ և շահագրգիռ են՝ կառուցելու գործընկերային հարաբերություններ: Փոխադարձ շահագրգռություն կա նաև եվրոպական կողմից, և այս առումով՝ Հայաստանն ինչ-որ տեղ իրանցիների կողմից ընկալվում է փոքր Եվրոպա, դա ավանդական ընկալում է»,- ասաց Ոսկանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG