Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն էքսկուրսիաներ Կիևում. տուրերի ընթացում ցույց են տալիս ամենակոռումպացված վայրերը


Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքը Կիևում
Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքը Կիևում

Գերմանիայից Ուկրաինա տեղափոխված քաղաքագիտության դասախոս Մաթիա Նելեսը ուկրաինական կոռուպցիայի գիտակ է և որոշել է կիսվել իր գիտելիքներով՝ ճանաչողական էքսկուրսիաներ կազմակերպելով, իր բնորոշմամբ, այդ ունիկալ երևույթի շուրջ։

Մայրաքաղաք Կիևում նա հակակոռուպցիոն տուրեր է կազմակերպում՝ թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների համար, որոնց ընթացքում ցույց է տալիս ամենաաղմկոտ կոռուպցիոն վայրերը։

Մաթիան վստահ է, որ այս ձևաչափը կմեծացնի ուկրաինական կոռուպցիայի մասին ընդհանուր տեղեկացվածությունը, ինչը կարող է նպաստել շարքային քաղաքացիների շրջանում դրա դեմ պայքարին։

«Կարևորը՝ հասկանալ, թե ինչպես է աշխատում այդ մեխանիզմը, ինչպես է ձևավորվում կոռուպցիան, ինչպես է աշխատում այն գործնականում: Կոռուպցիայի մասին բարձրաձայն խոսելը ժողովրդավարության բանալիներից մեկ է», - ասել է գերմանացի դասախոսը։

Մաթիան պատմում և ցույց է տալիս, թե որտեղ են, բացի բանկերից, ուկրաինացի պաշտոնյաները թաքցնում իրենց չհայտարարագրված եկամուտները, խոստովանելով, որ արտասահմանցիները դժվարությամբ են հավատում, թե իրականում որպես հուսալի չհրկիզվող պահարան կարող է ծառայել նաև սովորական ապակյա տարան։ Օրինակ՝ երկու լիտրանոց տարայում, ինչպես պարզել է, շուրջ 150 հազար դոլար կարող է տեղավորվել։

Իսկ զբոսաշրջիկների համար ամենահետաքրքիրը, ըստ Մաթիայի, այն վայրերն են, որտեղ աշխատում են երկրի գլխավոր կոռուպցիոներները՝ Գերագույն ռադայի, կառավարության, առողջապահության նախարարության, Գերագույն դատարանի շենքերը։

Թեև 2014 թվականին Ուկրաինայում իշխանություն փոխվեց, պաշտոնական Կիևը բարեփոխումներ անցկացնելու պարտավորություններ ստանձնեց Եվրամիության առաջ, սակայն, ինչպես նկատում են փորձագետները, քաղաքական, սոցիալական, տնտեսական համակարգն այդպես էլ չփոխվեց: Չնայած բարձր մակարդակով հնչող հավաստիացումներին՝ կոռուպցիան շարունակում է մնալ այդ երկրի զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը:

Վերջերս անցկացված սոցհարցումներից մեկի համաձայն՝ ուկրաինացիների մեծամասնությունը կարծում է, որ «ամենակեղտոտ ձեռքերն» ունեն դատարանները, Գերագույն ռադան և Սահմանապահ ծառայությունը։

Որպեսզի պետական պաշտոնյաները դադարեն գողանալ, 2015 թվականին երկրում ստեղծվեց Ազգային հակակոռուպցիոն բյուրո, որը գործում է իշխանությունից անկախ։ Կառույցի գործունեությունն աչքի ընկավ աղմկահարույց ձերբակալություններով, բազմամիլիոնանոց մութ գործարքների բացահայտումներով, սակայն առայսօր դեռ որևէ կասկածյալ քրեական պատասխանատվության չի ենթարկվել։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության՝ Կոռուպցիայի ընկալման 2016 թվականի ինդեքսի համաձայն, 176 երկրների շարքում Ուկրաինան զբաղեցնում է 131-րդ հորիզոնականը՝ Ռուսաստանի և Ղազախստանի կողքին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG