Մատչելիության հղումներ

Գալիք ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 1-ին, Կրեմլի պետական պալատում տեղի կունենա 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբերի վիճակահանությունը:

Հանդիսավոր արարողությանը մասնակցելու են լեգենդար աստղեր արգենտինացի Դիեգո Մարադոնան, իտալացի Ֆաբիո Կանավարոն, ֆրանսիացի Լորան Բլանը, անգլիացի Գորդոն Բենքսը, բրազիլացի Կաֆուն, իսպանացի Կարլես Պույոլը, ուրուգվայցի Դիեգո Ֆորլանը, գերմանացի Միրոսլավ Կլոզեն:

Աշխարհի ութ չեմպիոն-երկրների պատվիրակները միասին բեմ կբերեն Աշխարհի գավաթը: Ինչպես ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալությունն է նշում, նրանց հետ կլինի նաև խորհրդային լեգենդար մարզիկ, Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը:

«Տոմսերը շատ արագ են վաճառվում, աշխարհի առաջնության նկատմամբ մեծ հետաքրքրություն է», - ասել է նախկինում Ռուսաստանի սպորտի նախարար, այժմ սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով փոխվարչապետ Վիտալի Մուտկոն:

Ռուսաստանում աշխարհի առաջնությունը տեղի կունենա 2018 թվականի հունիսի 14-ից հուլիսի 15-ը՝ Դաշնության 11 քաղաքների 12 մարզադաշտերում:

Վերջին տարիներին սպորտի աշխարհում, այդ թվում մոլորակի ամենասիրված մարզաձևերից՝ ֆուտբոլում պայքար է մղվում ռասայական խտրականության տգեղ երևույթի դեմ, պատժվում են ակումբներ և նույնիսկ առանձին երկրներ, մինչդեռ 2018-ին շատ ավելի կոշտ միջոցներ կձեռնարկվեն:

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտնել է, որ Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ընթացքում ռասիզմի և անհանդուրժողականության այլ դրսևորումների պարագայում մրցավարին կտրվի խաղն ընդհատելու կամ չեղարկելու իրավունք:

«Բնականաբար, մենք ակնկալում ենք, որ աշխարհի առաջնությունը կանցնի արդար խաղի կանոններով՝ ինչպես մարզադաշտում, այնպես էլ դրանից դուրս», - ասել է Ինֆանտինոն և ավելացրել. - «Համոզված ենք, որ անհանդուրժողականություն չի լինի, բայց եթե ինչ-որ բան պատահի, առաջին անգամ աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում կձեռնարկվի անհանդուրժողականության դեմ պայքարի եռաստիճան մեխանիզմ՝ մրցավարը կընդհատի կամ նույնիսկ չեղյալ կհայտարարի հանդիպումը»։

Ինֆանտինոյի փոխանցմամբ, խտրականությունն անթույլատրելի է, ռասիզմի դեմ անողոք պայքար կլինի: ՖԻՖԱ-ի նախագահն ասել է նաև, որ չափազանց խիստ միջոցներ են ձեռնարկվելու խթանիչների հնարավոր կիրառումն արմատախիլ անելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG