Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի թեթև ատլետների որակազրկումը շարունակվում է


Թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ընկերակցության նախագահ Սեբաստիան Կոեն, Մոնակո, 26-ը նոյեմբերի, 2017 թ.
Թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ընկերակցության նախագահ Սեբաստիան Կոեն, Մոնակո, 26-ը նոյեմբերի, 2017 թ.

Թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ընկերակցությունը (IAAF) երկարաձգել է Թեթև ատլետիկայի համառուսաստանյան ֆեդերացիայի լիազորությունները սառեցնելու ժամկետը: Այդ որոշումը Թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ընկերակցության խորհուրդն ընդունել է երեկ Մոնակոյում:

Թեթև ատլետիկայի համառուսաստանյան ֆեդերացիայի լիազորությունները երկու տարի առաջ են սառեցվել, ինչից հետո կազմվել է սառեցման չեղարկման հարցով զբաղվող հատուկ հանձնախումբ՝ նորվեգացի Ռունե Անդերսենի ղեկավարությամբ:

Չեղարկման համար անհրաժեշտ էր, որ խթանիչների դեմ պայքարի համաշխարհային գործակալությունը (WADA) իր օրենսգրքին համապատասխանող ճանաչի Ռուսաստանի հակադոպինգային գործակալության աշխատանքը: Սակայն նոյեմբերի 16-ին WADA-ն բացասական եզրակացություն է տվել: Դա էլ ընդգծվել է Մոնակոյում երեկվա նիստից հետո:

«Քանի դեռ չի ճանաչվել անցյալում տեղի ունեցածը, չի լինի երաշխիք, որ նման բան ապագայում չի կրկնվի: Հետևաբար, հանձնախումբը փաստում է, որ Թեթև ատլետիկայի համառուսաստանյան ֆեդերացիայի լիազորություններն այս անգամ չեն վերականգնվի: Խորհուրդը միաձայն է ընդունել այդ հանձնարարականը, հանձնախումբն աջակցության համար շնորհակալություն է հայտնում Թեթև ատլետիկայի ֆեդերացիաների ընկերակցությանը և նախագահին»,- ասել է հանձնախմբի ղեկավար Ռունե Անդերսենը:

Թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ընկերակցության նախագահ, նախկինում լեգենդար բրիտանացի մարզիկ, եռակի օլիմպիական չեմպիոն Սեբասթիան Կոենն ասել է, որ «Մոնակոյում հաղթել է սպորտը»: Ռուսաստանի Թեթև ատլետիկայի ֆեդերացիայի լիազորությունները սառեցնելու վճիռը դեռ 2015 թվականին է կայացվել: Անդերսենի փոխանցմամբ, ռուսները պահանջներից մի քանիսը մասամբ են կատարել, մի քանիսն էլ ընդհանրապես անպատասխան են թողել:

Պահանջներից մեկը՝ ռուսական կողմից Ռիչարդ ՄքԼարենի հանձնաժողովի զեկույցի ճանաչումն է: Կանադացի իրավունքի պրոֆեսոր ՄքԼարենի ղեկավարած WADA-ի անկախ հանձնաժողովը երկարատև ստուգումների արդյունքում 2016 թվականի հուլիսի 18-ին ու դեկտեմբերի 9-ին հրապարակել է զեկույցներ, որոնց համաձայն, 2012-2014 թվականների ձմեռային և ամառային օլիմպիադաների ժամանակահատվածում ավելի քան 30 մարզաձևերում մարզիկների «կեղտոտ» (խթանիչների կիրառումն ապացուցող) արյան և մեզի նմուշները փոխարինվել են «մաքուր» նմուշներով, և դա արվել է Ռուսաստանի պետական ատյանների, մասնավորապես, Սպորտի նախարարության ջանքերով, Անվտանգության դաշնային գործակալության ակտիվ մասնակցությամբ:

Երեկ Մոնակոյում ընդունած որոշումը նշանակում է, որ ռուսաստանցիները թեթև ատլետիկայի միջազգային մրցաշարերում կարող են մասնակցել ոչ թե ազգային դրոշի ներքո, այլ իբրև «չեզոք» մարիկներ: Թեթև ատլետիկայի համառուսաստանյան ֆեդերացիայի նախագահ Դմիտրի Շլյախտինն ափսոսանք է հայտնել Մոնակոյի որոշման կապակցությամբ և ասել է, որ մարզիկները կսկսեն կազմել հայտերը «զեզոք» կարգավիճակով մրցելու համար: «Մենք մեր կողմից ամեն բան պետք է անենք, որ Ռուսաստանի թեթև ատլետիկան միայն «մաքուր» լինի և ներկայացվի ազնիվ մարզիկներով»,- հավաստիացրել է Շլյախտինը:

Դեկտեմբերի 5-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր մարմինը Լոզանում պետք է որոշում կայացնի 2018 թվականին Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային օլիմպիադային ռուսների մասնակցությունն արտոնելու վերաբերյալ, և արդեն այսօր Մոսկվայում չեն բացառում, որ վճիռը բացասական կլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG