Մատչելիության հղումներ

Ռուսական օդուժի հարվածների հետևանքով Սիրիայում 53 խաղաղ բնակիչ է զոհվել․ իրավապաշտպաններ


Իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդմամբ, Սիրիայում ռուսական օդուժի ռմբակոծությունների հետևանքով երեկ առնվազն 53 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ ավելի քան երկու տասնյակ երեխա: Տեղից ստացված հաղորդումների համաձայն, ռուսական հարվածների թիրախում է հայտնվել Դեր Զոր նահանգում՝ Եփրատի արևելյան ափին գտնվող Ալ-Շաֆաղ գյուղը, որը դեռևս մնում է «Իսլամական պետության» վերահսկողության տակ:

Ի սկզբանե իրավապաշտպանները հաղորդում էին 34 զոհերի մասին, կազմակերպության ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը, սակայն, «Ֆրանսպրեսին» ասել է, որ փլատակների տակից նոր դիակներ են հանվել ժամեր շարունակված փրկարարական աշխատանքներից հետո:

Պաշտոնական Մոսկվան հաստատում է, որ նախօրեին զինուժի վեց ռմբակոծիչներ այդ տարածքում հարվածներ են հասցրել, միաժամանակ ռուսական կողմը հավաստիացնում է, որ դրանց թիրախում են եղել միայն «Իսլամական պետության» ահաբեկիչները:

Իրավապաշտպանները պնդում են, որ ռուսական զինուժից բացի այս օրերին ակտիվացել է նաև Սիրիայի կառավարական բանակը, միայն թե վերջիններիս թիրախում են ոչ թե «Իսլամական պետության» ահաբեկիչները, այլ նախագահ Բաշար ալ Ասադի դեմ պայքարող ընդդիմադիր խմբավորումները: Ըստ այդ հաղորդումների, նախօրեին Սիրիայի բանակը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Դամասկոսից քիչ հեռու՝ Արևելյան Գուտա բնակավայրի ուղղությամբ, որը գտնվում է ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ:

Սոցիալական ցանցերում, ըստ իրավապաշտպանների, տեղում նկարահանված տեսանյութեր են տարածվել, որտեղ լսվում են պայթյուններ, աջուձախ արյունաշաղախ մարդիկ են ու ռմբակոծված շենքեր: Իրավապաշտպանների հաշվարկներով, միայն վերջին մի քանի ժամերի ընթացքում այդ տարածքում առնվազն 23 խաղաղ բնակիչ է զոհվել: Ընդ որում, իրավիճակը սրվում է ոչ միայն մարտադաշտում, այլև խաղաղ դիվանագիտական ոլորտում: Հայտարարվել էր, որ վաղը Ժնևում ընդդիմությունն ու իշխանությունը ՄԱԿ֊ի հովանու ներքո վերսկսելու են բանակցությունները ներքաղաքական ճգնաժամի շուրջ: Հանդիպումից ժամեր առաջ, սակայն, կառավարամետ «Ալ Վաթան» թերթը հաղորդել է, թե Ասադի պատվիրակությունը որոշել է հետաձգել այցը ժնև: Առայժմ այս տեղեկությունը պաշտոնապես ո՛չ հաստատվում է, ո՛չ՝ հերքվում:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան ասել է, թե չի ուզում մեկնաբանել Սիրիայի կառավարության ծրագրերը, «Ալ Վաթանը», մինչդեռ, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, պնդում է՝ Դամասկոսին զայրացրել են ընդդիմության վերջին հայտարարությունները, թե Սիրիայում փոփոխություններ կարող են լինել միայն նախագահ Ասադի հրաժարականից հետո: ֊ «Սա նշանակում է դարձ ի շրջանս յուր», ֊ ըստ կառավարամետ պարբերականի ասել են Սիրիայի արտգործնախարարության աղբյուրները:

Չնայած այդ հաղորդումներին՝ ՄԱԿ-ից հայտարարում են՝ հանդիպումը կկայանա, եթե անգամ Ասադի պատվիրակությունը ուշանա կամ ընդհանրապես չներկայանա:

Ավելի վաղ՝ անցած շաբաթավերջին, ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով հանձնակատարի տեղակալ Ռամզի Ռամզին Սիրիայի փոխարտգործնախարար Ֆայսալ Մաքդադի հետ բանակցություններից հետո հայտարարել էր՝ հանդիպման առանցքում է լինելու չորս հարց՝ Սիրիայի նոր սահմանադրությունը, կառավարումը, ընտրություններն ու պայքարը ահաբեկչության դեմ:

«Սիրիական քաղաքական գործընթացը ծայրահեղ բարդ է ու խճճված, այնպես որ մենք պետք է առաջ գնանք քայլ առ քայլ: Հուսով եմ, որ Ժնևյան բանակցությունների հաջորդ փուլը կնշանավորվի կառավարության ու միացյալ ընդդիմության ակտիվ մասնակցությամբ, ինչը արդյունավետ կլինի դիվանագիտական գործընթացն առաջ տանելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG