Մատչելիության հղումներ

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի որդին` ВТБ-Азербайджан բանկի դիտորդական խորհրդի նախագահ


Ալեքսանդր Բորտնիկով, արխիվ
Ալեքսանդր Բորտնիկով, արխիվ

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) ղեկավարի՝ Ալեքսանդր Բորտնիկովի որդին՝ ВТБ բանկի փոխնախագահ Դենիս Բորտնիկովը նշանակվել է ВТБ-Азербайджан բանկի դիտորդական խորհրդի նախագահ։ Այս մասին երկու օր առաջ հաղորդագրություն է տարածել է ВТБ-Азербайджан բանկը։

Ալեքսանդր Բորտնիկովի որդին շուրջ քսան տարի աշխատում է բանկային ոլորտում։ 2008 թվականին ВТБ-ն գնել է ադրբեջանական AF-Bank-ի արժեթղթերի 51 տոկոսը։ Այս նորությունն ակտիվ լուսաբանել են ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները, իսկ ռուսական մամուլի համար նորմալ երևույթ է, երբ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի որդիները նշանակվում են այս կամ այն բանկի կամ պետական խոշոր ընկերությունների ղեկավարի պաշտոններում։

Օրինակ՝ Ռուսաստանի անվտանգության խորհրդի ղեկավար Նիկոլայ Պատրուշևի կրտսեր որդին Անդրեյ Պատրուշևը «Газпром»-ի թոփ մենեջերներից է, իսկ մարտին դարձել է նաև «Газпром» և «Лукойл» ընկերությունների համատեղ «ЦентрКаспнефтегаз» ընկերության տնօրենների խորհրդի ղեկավարը։

Հիշեցնենք՝ «Лукойл»-ի հիմնադիրը, նախագահն ու սեփականատերերից մեկը ադրբեջանցի Վագիթ Ալեքպերովն է։ Ստացվում է, որ Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարներից առնվազն երկուսի՝ Անվտանգության խորհրդի և Անվտանգության Դաշնային ծառայության ղեկավարների ընտանիքներն ունեն լուրջ բիզնես շահեր Ադրբեջանում, և կապված են ադրբեջանական բիզնես շրջանակների հետ։

Նիկոլայ Պատրուշևի մյուս որդին՝ Դմիտրի Պատրուշևը «Россельхозбанк»-ի ղեկավարն է 2010 թվականից, իսկ 2016-ին Դմիտրի Պատրուշևը ճանաչվել է տարվա բանկիր։

ВТБ բանկի ղեկավարներից մեկն էլ Ռուսաստանի նախկին վարչապետ Միխայիլ Ֆրադկովի որդին Պյոտր Ֆրադկովն է։

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի որդին՝ Անդրեյ Ռոգոզինը մայիսին նշանակվել է «Ил» ավիաընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում։

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմը համարվող Սերգեյ Իվանովի որդին այս տարվա փետրվարին նշանակվել է ալմաստ արդյունահանող ռուսական խոշոր` АЛРОСА ընկերության ղեկավարի պաշտոնում։

Բարձրաստիճան չինովնիկների որդիներն ու դուստրերը Ռուսաստանում նաև ակտիվ ներգրավված են խոշոր մասնավոր ընկերություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG