Մատչելիության հղումներ

Ճիշտ 80 տարի առաջ այս օրը Երևանի բանտում 40 տարեկան հասակում վախճանվեց բանաստեղծ Եղիշե Չարենցը: Ստալինյան սոսկալի ռեժիմը չէր կարողանում հանդուրժել նրանց, ովքեր այս կամ այն չափով կարող էին վտանգ ներկայացնել իրենցից:

Իսկ չարենցյան պոեզիան և պոետի վառ անհատականությունը, թերևս, ինքնստինքյան անհանդուրժելի էր խորհրդային բռնապետության ժամանակաշրջանում, որի զոհերը դարձան, ինչպես այսօր Չարենցի հուշահամալիրի մոտ շեշտում էր ԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ ավելի քան 7 միլիոն մտավորական: Հայաստանում ստալինյան ռեժիմին զոհ գնացին երկրի լավագույն մտավորականներից Չարենցը , Բակունցը, Թոթովենցը, Զապել Եսայանը և շատ ուրիշներ:

«Մենք այսօր պիտի անպայմանորեն նշենք՝ 30-ական թվականներին, շատերս մոռանում ենք, հենց մտավորական, գրող մարդիկ են նաև մատնագրեր ուղարկել տարբեր հաստատություններ՝ որպեսզի մեր ժողովրդի մեծերին ոչնչացնեն: Որովհետև էդ վիճակն է ստեղծված եղել երկրում: Մենք պիտի դա չմոռանանք և պիտի հիշեցնենք»,- իր խոսքում ասաց Միլիտոնյանը:

Ամեն տարի այս օրը Եղիշե Չարենցի տուն-թանգարանը մի շարք միջոցառումներ է կազմակերպում՝ ի հիշատակ մեծ բանաստեղծի: Բայց նախ այցելում են բանաստեղծի հիշատակին կառուցված հուշահամալիրը՝ ծաղիկներ խոնարհում: Ինչպես այսօր շեշտում էր թանգարանի գիտաշխատող՝ Չարենցի թոռնուհի Գոհար Բազյան-Չարենցը ընտանիքի և թանգարանի աշխատակիցների անունից՝ «այսօր հայ ժողովուրդը ևս մեկ անգամ սգում է իր հանճարեղ զավակի ողբերգական մահը, նա ապրեց 40 տարի, և նրա կյանքն ավարտվեց իր արարչական գործի ճանապարհի կեսին»:

Այսօր բանաստեղծի տուն-թանգարանում մեր ժամանակի անվանի գրաքննադատների մասնակցությամբ տեղի ունեցավ նաև գիտաժողով՝ նվիրված Եղիշե Չարենցի կյանքին ու գործունեությանը, նաև՝ ստալինյան բռնապետության տարիներին զոհ գնացած մեր մյուս մտավորականներին: Իսկ մինչ գիտաժողովը Չարենցի հուշահամալիրի մոտ տեղի ունեցած հիշատակի արարողության ժամանակ դերասան Սամվել Բաղինյանը, դիմելով հավաքվածներին, հատկապես դպրոցականներին՝ Չարենցի անունը կրող դպրոցի աշակերտներին, շեշտեց՝ այս հուշահամալիրի մոտ շատերն այսօր պիտի լինեին՝ ողջ ժողովուրդը:

«Այսօր մի բուռ մարդիկ են այս արձանի մոտ, սա մեծ ողբերգություն է: Չարենցին հոշոտող կոմունիստները կարծես թե հասել են իրենց նպատակին, երբ գնդակահարելուց հետո նրա գրքերը հավաքել ու ոչնչացրել էին: Այստեղ պետք է կանգնելու տեղ չլիներ»,- ասաց Սամվել Բաղինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG