Մատչելիության հղումներ

«Գիտեմ՝ ում ականջներն են սրա հետևում», Բաբայանի գործով դատավարությունն ավարտվեց


Սամվել Բաբայան, արխիվ
Սամվել Բաբայան, արխիվ

Դատավարության ավարտին Սամվել Բաբայանն առաջին անգամ քաղաքական հայտարարություն արեց՝ իր պաշտպանական ճառում պատմելով, թե ձերբակալությունից հետո իրավապահներն իր հետ խոսել են ոչ թե «Իգլա»-ի, այլ քաղաքականության մասին: Ղարաբաղի զինուժի նախկին բարձրաստիճան զինվորականն ազատազրկվել էր խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ ակտիվորեն աջակցում էր Սեյրան Օհանյանի գլխավորած ընդդիմադիր դաշինքին:

Այսօր Սամվել Բաբայանն ասաց, թե գիտի ով է կանգնած այս գործի հետևում, բայց անուններ չտվեց․ «Ձերբակալման փուլից ինձ հետ խոսել են երկու-երեք անգամ քաղաքականությունից ու բացատրել են՝ ինչի համար են ինձ բռնում: Ես չեմ ուզում էս փուլում դրան անդրադառնալ, բայց փաստերը կան, վկան կա, պաշտպանն էդ խոսակցությանը ներկա է եղել, կարամ փաստեր բերեմ՝ ամաչեք:

Արդարացման համար չեմ ասում, անկեղծ, ես էդ մարդը չեմ, որ չհասկանամ՝ որտեղից ա պատվերը գալիս, շատ լավ գիտեմ՝ ականջները որտեղից ա: Ուղղակի ես ասում եմ՝ կարելի ա օրենքը թեթև շրջանցել, բայց չի կարելի տրորել, թքել պետության վրա, չի կարելի ուղղակի, եթե ուզում եք պետություն դառնալ: Բաբայանը մի տարի ավել նստի, մի տարի պակաս, դուք հարց չեք լուծելու»,- դատարանում հայտարարեց Սամվել Բաբայանը:

Նա կոշտ կերպով հակադարձեց մեղադրող դատախազին, ով իր ճառում տարակուսանք էր հայտնել, թե ինչպես տարիներ շարունակ պաշտպանության նախարարի պաշտոն զբաղեցրած անձը չի կարող տարբերակել զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակն ու առավել ևս՝ տարբերել հրթիռը «անպիտան տրուբայից»: «Ես չէի ուզում հենց առաջից էլ քաղաքականացնեի էս դատավարությունը, որովհետև ես ունեմ իմ իրավունքները, գիտեմ՝ ես հանցանք չեմ կատարել, արդարացնել իմաստ էլ չունի:

Բայց քանի որ պետական մեղադրողը այնուամենայնիվ անցավ էն օրն իր զեկույցում էդ էջը, ես պարտավոր եմ երկու բառով ներկայացնել, որ եթե իմ մասնագիտության կամ իմ 9 տարվա ղեկավարության վրա ինչ-որ մարդ կասկածում ա՝ ես փորձեմ բացատրել․․․ 19 հատ ինքնաթիռ ա խփվել, 17 հատ ուղղաթիռ, որից 10 հատ «Իգլաներով»: Եթե դուք պետք ա ինձ գնահատական տաք՝ ես ոնց եմ ծառայել էս երկրին․․․ էն վախտ շատ փոքր էիր, տեղը չէիր իմանում»,- ասաց Բաբայանը:

Նա նորից պնդեց՝ «Իգլա» ձեռքբերելու պատվեր որեւէ մեկին չի տվել, հակառակը՝ հորդորել է մարտական ընկերոջը՝ Սանասար Գաբրիելյանին՝ զենքը տանել Ղարաբաղում թաղել հողի տակ, տեղն էլ հայտնել զինվորականներին, գուցե բանակին պետք գա: Ներկոտված եվրոները մաքրելու և շրջանառության մեջ դնելու մեղադրանքը ևս Բաբայանը չի ընդունում:

««Իգլայի» մասով, դա ինձ հետ որևէ կապ չունի, որևէ փաստ չկա: Ինչ վերաբերում ա փողին՝ ես կրիմինալ որևէ քայլ չեմ արել, պարտք են եղել, իմ գումարն ուղարկել են, ես ասել եմ՝ ումից եմ էդ գումարը ստացել, ով ա ուղարկել, որևէ բան չեմ թաքցրել: 8 ամիս մեկն ինձ չի ասել՝ որտեղից ա, ինչ ա: Երբ հասկացել են, որ իրենց դիրքերը թույլ ա, էս մեկը քաշել են, բերել պոչից կապել, Բաբայանին ներկայացրել կրիմինալ»,- ասաց Սամվել Բաբայանը:

Սանասար Գաբրիելյանը, ով հայտարարել էր, թե «Իգլա»-ն ցանկանում էր ձեռք բերել բանակին նվիրելու համար, Սամվել Բաբայանն էլ իր այդ նախաձեռնության հետ կապ չունի, եզրափակիչ խոսքում պնդեց՝ գործը շինծու է, կրկես․ «Եթե ես ուզել եմ իմ բանակին բան նվիրեմ, դա ի՞նչ մեղք ա եմ գործել, որ մի հատ էլ գամ էստեղ գլուխս խոնարհեմ․․․սա շինծու գործ ա»: Ինչու՞ է ազատության մեջ զենքն իրավապահներին հանձնած Հրաչ Մայիլյանը, հետաքրքրվում էր Սանասար Գաբրիլեյանը: «Սա որևէ կասկածի առիթ չի տալի՞ս: Էս Հրաչ Մայիլյանը, էս ուժեղ տղեն էս մի քանի գրուպան նստացրել ա, ինքն էլ դրսում լավ հանգստանում ա, բա էս ո՞նց ա լինում»,- հարց տվեց Գաբրիելյանը:

Այպիսով՝ դատավարությունն ավարտվեց, դատավոր Արշակ Վարդանյանը հեռացավ խորհրդակացական սենյակ՝ վճիռ կայացնելու: Այն կհրապարակվի վաղն առավոտյան: Մեղադրող դատախազն ամբողջությամբ ապացուցված համարելով Բաբայանի մեղքը՝ պահանջել է 7 տարվա ազատազրկման դատապարտել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարին: Բաբայանի փաստաբանն իր ճառում արդարացման վճիռ է պահանջել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG