Մատչելիության հղումներ

Ընտանեկան բռնության մասին օրինագիծը քննարկման կդրվի Պետաիրավական հանձնաժողովում


Ընտանիքում բռնության կանխարգելման մասին նոր օրինագիծը, որն արդեն արժանացել է Կառավարության հավանությանը, այս հինգշաբթի Պետաիրավական հարցերի հանձնաժողովում կդրվի քննարկման։ Այս մասին այսօր տեղեկացրեց Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

Հանրապետական պատմագավորն անդրադարձավ օրինագծի փոփոխություններին, որոնցից հետո վերնագրում տեղ է գտնել «ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ձևակերպումը։ Այս փաստն արժանացել է կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպությունների քննադատությանը, որոնք պնդում են, որ սա ոչ իրավաբանական եզրույթ է։

«Ազատությունը» Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք դրա կիրառությունն արդարացված է։

«Եթե դուք նայեք միջազգային փորձը, գուցե օրենքների վերնագրերում այդպիսի վերտառության չեք հանդիպի, բայց բովանդակային տեսանկյունից տարբեր օրենքներում կան այսպես ասած՝ ռեաբիլիտացիայի կամ վերականգնմանն ուղղված դրույթներ», ֊ պարզաբանեց ԱԺ փոխնախագահը։

Հովհաննիսյանը նշեց՝ ընտանիքում համերաշխության վերականգնումը եղել է օրինագծի հիմնական նպատակներից մեկը, որն այս դեպքում արտացոլվել է նաև վերնագրում։

«Ազատության» հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում դրա իրագործումը, ո՞ր մարմինը, կամ ինչ մեթոդներով պետք է օտար ընտանիքում համերաշխության վերականգնման գործառույթը ստանձնի, ԱԺ փոխնախագահն արձագանքեց. - «Որևէ մարմին, որպես այդպիսին, գործառույթ չունի զբաղվելու համերաշխության վերականգնմամբ։ Ամբողջը պետք է դիտարկել օրենքի տրամաբանության մեջ, երբ կա ընտանիքում բռնություն, այնուհետև՝ որոշակի մարմիններ սկսում են աշխատանք կատարել բռնության ենթարկված անձի՝ զոհի հետ, կամ այն անձի հետ, ով բռնություն է կիրառել կամ բռնության է ենթարկել այդ անձին։ Այդ գործողությունները տարաբնույթ կարող են լինել, ոստիկանական գործողություններից ընդհուպ մինչև հոգեբանական աշխատանքներ։ Ասենք՝ նրանց հետ սոցիալական աշխատողը որևէ աշխատանք կատարի և արդյունքում, կոպիտ ասած, այդ ընտանիքը չքանդվի»։

Օրինագծի հետ կապված մտահոգությունները, որոնք առկա էին Հանրապետական կուսակցության ներսում՝ լրամշակումից հետո փարատվել են՝ շեշտեց Հովհաննիսյանը։ Մինչդեռ Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշեց՝ ի տարբերություն նախորդի, նոր տարբերակն ավելի քիչ է ուղղված ընտանիքում բռնության կանխարգելմանը․ - «Զոհակենտրոնությունը մի քիչ ավելի նվազել է, եթե կարող եմ այսպես ասել: Կենտրոնացումը զոհի իրավունքների պաշտպանության և ընդհանրապես զոհին պաշտպանելու համար ավելի նվազ է, քան կար նախորդ սահմանումներում»:

Հայրապետյանը նաև համոզմունք հայտնեց, որ շահերի բախումից խուսափելու համար, հետագայում հաշտեցնողի ու պաշտպանողի գործառույթները միևնույն կառույցին չպետք է տալ։ Ոստիկանության ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանի անձնական կարծիքով էլ՝ համերաշխություն քարոզողի դերը հավանաբար կարող է տրվել սոցիալական աշխատողին կամ հոգեբանին․ - «Ոստիկանությունը այսօր էլ, եթե ընտանիքում տեղի է ունենում բռնություն, աջակցում է նաև զոհին, անհրաժեշտության դեպքում տեղափոխում է ապաստարան»:

Նոր օրինագծի շուրջ սեփական առաջարկությունները կներկայացնի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Օմբուդսմենը վստահ է՝ նման օրենք Հայաստանին պետք է, բայց դրա կիրառության հարցում զգուշությունը չի խանգարի։

«Պետք է այնքան զգույշ վարվենք, որպեսզի անհիմն միջամտություն ենթադրող դեպքեր չլինեն», ֊ պարզաբանեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Այսօր Հայաստանում մեկնարկեց ընդդեմ կանանց նկատմամբ բռնության վերացման 16-օրյա քարոզարշավը: ՄԱԿ-ը, Եվրոպական միության պատվիրակությունը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը և Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպաններ համատեղ հայտարարություն ընդունեցին՝ կոչ անելով Ազգային ժողովին ընդունել ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG