Մատչելիության հղումներ

Շենգավիթում դանակահարության գործով կասկածյալը ձերբակալվել է. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 4 անձի կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է:

Ըստ հաղորդագրության, 2017 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 02:30-ին, «Աստղիկ» ԲԿ-ից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 4 անձ` 1993 թ. ծնված Ն.Պետրոսյանը` կրծքավանդակի կտրած-ծակած վերքով, 1993 թ. ծնված Հ.Սարգսյանը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, 1992 թ. ծնված Հ.Մարտիրոսյանը` ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած, 1993 թ. ծնված Ա.Ավագյանը` կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են նույն վիճաբանության ժամանակ, պարզվել դեպքի վայրը։ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով [դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ] և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով [դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ]: 4 անձ ճանաչվել է տուժող, որոնց թվում կան նաև ոստիկանության աշխատակիցներ», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ կոմիտեի, քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ։ Վերջինս ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ցուցմունք տվել։ Կասկածյալը ձերբակալվել է:

«Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG