Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար, «Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի» ղեկավար Ալեքսեյ Կուդրինը մտադիր չէ առաջադրվել 2018-ի մարտին կայանալիք նախագահական ընտրություններում: Այդ մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ զրույցում:
«Այժմ ես այլ դերակատարություն ունեմ», - ասել է Կուդրինը` նշելով, որ վերջին ամիսներին նախագահ Պուտինի համար ծրագիր է մշակում, որը պատրաստվում է անձամբ փոխանցել Ռուսաստանի ղեկավարին:
Կուդրինի առաջադրման մասին տեղեկությունները մոսկովյան մամուլում ի հայտ էին եկել երեկ: Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները «Վեդոմոստի»-ի թղթակցին փոխանցել էին, որ նախագահի աշխատակազմում լրջորեն քննարկվել է Կուդրինի հնարավոր առաջադրման հարցը, որը նախընտրական արշավի ընթացքում պետք է հանդես գար ազատական դիրքերից: