Մատչելիության հղումներ

Մոսկվային մտահոգում է Ասիայում ԱՄՆ-ի ռազմական ակտիվությունը


Ճապոնիայի և ՌԴ արտգործնախարարներ Տարո Կոնոն և Սերգեյ Լավրովը, Մոսկվա, 24-ը նոյեմբերի, 2017 թ.
Ճապոնիայի և ՌԴ արտգործնախարարներ Տարո Կոնոն և Սերգեյ Լավրովը, Մոսկվա, 24-ը նոյեմբերի, 2017 թ.

Մոսկվան մտահոգություն է հայտնում Ասիայում հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու՝ Միացյալ Նահանգների նախաձեռնության կապակցությամբ: Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովի փոխանցմամբ, Հյուսիսային Կորեայից բխող վտանգը չեզոքացնելու պատրվակով Վաշինգտոնը պարզապես ընդարձակում է ռազմական ներկայությունը տարածաշրջանում:

«Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնում, և դա փաստարկված է, առ այն, որ Ճապոնիան և Հարավային Կորեան դառնում են տարածքներ, որտեղ տեղադրվում են հակահրթիռային համաշխարհային պաշտպանության ամերիկյան համակարգի տարրերը: Այս տարածաշրջանում այն տեղակայվում է Հյուսիսային Կորեայից բխող վտանգների պատճառաբանությամբ, Եվրոպայում՝ իրանական սպառնալիքի պատրվակով, իսկ գործնականում, եթե նայեք քարտեզին, կտեսնեք, որ այդ ամերիկյան համակարգը հաջողությամբ շրջափակման մեջ է վերցնում Ռուսաստանի Դաշնությունը և Չինաստանի ժողովրդական հանրապետությունը»,- ասել է Լավրովը:

Այդ հարցը ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը մեկնաբանել է Մոսկվայում Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոյի հետ համատեղ ասուլիսում: Լավրովի համոզմամբ՝ ամերիկացիների ձեռնարկած միջոցները բնավ համաչափ չեն առկա վտանգների համատեքստում և չեն բխում տարածաշրջանի անվտանգության պահանջներից: Նա նկատել է, տվել, որ Վաշինգտոնը խիստ հսկողության տակ է պահելու հակահրթիռային պաշտպանության համակարգը:

«Իմանալով ամերիկացիներին, մենք լուրջ կասկածներ ունենք, որ նրանք կհամաձայնեն՝ որևէ մեկին փոխանցել այդ գլոբալ համակարգի որևէ տարրի նկատմամբ հսկողությունը: Եվրոպայում նրանք սոսկ ի պաշտոնե հայտարարել են ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին, բայց բոլորը լավ գիտեն, որ համակարգի շահագործման վերաբերյալ որոշումների ընդունման բոլոր լծակներն ամերիկացիների ձեռքում են: Անկեղծ ասած, կարծում եմ, Ասիայում նույնը կլինի»,- ասել է Լավրովը:

Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան անցյալ տարվա հուլիսին են պայմանավորվել THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման մասին: Այդ համակարգը պետք է վնասազերծի Հյուսիսային Կորեայից արձակվող միջմայրացամաքային հթիռները: Այս տարվա ընթացքում Փհենյանի անցկացրած միջուկային և հրթիռային փորձարկումներից հետո հակաօդային պաշտպանության խնդիրն էլ ավելի հրատապ է դարձել Սեուլի և Տոկիոյի համար:

Ռուսաստանը պնդում է, որ հարկ է վերականգնել Հյուսիսային Կորեայի հարցով վեց երկրների ձևաչափով բանակցությունները, որոնց մասնակցում են Չինաստանը, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Հարավային Կորեան, Ճապոնիան և Հյուսիսային Կորեան:

«Մտահոգություն է առաջացնում նաև այն, որ մենք չենք կարողանում հասկանալ, թե այնուամենայնիվ Վաշինգթոնում ո՞վ է խոհեմ մոտեցման կողմնակից, մոտեցում, որը բարենպաստ պայմաններ կստեղծի բանակցությունների համար: Շատ է անհագստացնում այն, որ վերջին երկու ամիսների ընթացքում, երբ Հյուսիսային Կորեան փորձարկումներ չի իրականացրել և հրթիռներ չի արձակել՝ Վաշինգթոնը, կարծես, ուրախ չէր և փորձում էր Փհենյանին նյարդայնացնող ու սադրող բաներ անել»,- ասել է Լավրովը:

Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոն հայտնել է, որ Լավրովի հետ հանդիպման ընթացքում տարածաշրջանային հարցերից զատ քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև Կուրիլյան վիճահարույց կղզիների թեմաները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG