Մատչելիության հղումներ

Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած բախումներից ուկրաինական բանակի հինգ զինծառայող է զոհվել, ևս չորսը վիրավորվել


Ուկրաինա - Լուգանսկ, 23-ը նոյեմբերի, 2017

Ուկրաինայի բանակի հինգ զինծառայող է զոհվել, ևս չորսը՝ վիրավորվել երկրի արևելքում ռուսամետ անջատականների հետ տեղի ունեցած բախումների արդյունքում:

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է որ չորս զինվորները նախօրեին զոհվել են Կրիմսկի գյուղի մոտ առնվազն ութ ժամ շարունակված փոխհրաձգության ժամանակ:

Ըստ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հաղորդագրության, նոյեմբերի 23-ին տեղի ունեցած բախումներում հակառակորդ կողմից 8 անջատական է սպանվել, ևս 9-ը վիրավորվել:

Ինքնահռչակ Դոնեցկի զինված ուժերի փոխհրամանատար Էդուարդ Բասուրինն այսօր ասել է, որ անցած շաբաթվա ընթացքում ուկրաինական կողմի հրետակոծությունների արդյունքում երկու զինծառայող է զոհվել, մեկը՝ վիրավորվել:

Անջատականները նաև հաղորդում են, որ Դոնեցկի և Լուգանսկի ուժերը համատեղ գործողություն են իրականացրել և ուկրաինական դիվերսիոն խումբ են ձերբակալել՝ մեկ տասնյակից ավելի դիվերսանտների, որոնց նպատակն էր սպանել անջատականների ղեկավարներին:

Կրիմսկին, որի մոտ բախումներ են տեղի ունեցել, 30 կիլոմետր է հեռու Լուգանսկից, որտեղ այս շաբաթվա ընթացքում իրավիճակը կտրուկ սրվել էր ռուսամետ անջատականների խմբավորումների միջև:

Ըստ առաջին լուրերի, նրանք Լուգանսկ էին եկել Դոնեցկից, ենթադրվում է, որ ռուսամետ անջատականների միջև շահերի բախում է տեղի ունեցել: Նոյեմբերի 21-ին դիմակավորված զինված մարդիկ գրավել էին Լուգանսկի կենտրոնը, ռազմական տեխնիկա մտցրել քաղաք՝ փաստացի վերահսկողություն սահմանելով Լուգասնկի նկատմամբ:

Մինչ այդ ռազմական միջամտությունը, այսպես կոչված, «Լուգանսկի Ժողովրդական հանրապետության» ղեկավար Իգոր Պլոտնիցկին պաշտոնանկ էր արել ներքին գործերի նախարար Իգոր Կորնետին:

Իգոր Պլոտնիցկին մամուլի ասուլիսում ասել էր, որ պաշտոնանկ արված Իգոր Կորնետը չի ընդունում դատարանի օրինական որոշումը, որոշակի ուժերի փորձում է իր կողմը քաշել, հաստատել էր զինված ստորաբաժանումների առկայությունը Լուգանսկում և հայտարարել, թե դա «զինված ուժի միջոցով իշխանությունը զավթելու փորձ է»:

Իգոր Կորնետը հաստատել էր, որ «այս իրավիճակում օգնության են եկել բարեկամ Դոնեցկի իրավապահները»:

Առանց տարբերանշանների համազգեստներով, անհայտ զինյալների առկայությունը Լուգանսկում հաստատել էր նաև ԵԱՀԿ-ի հատուկ առաքելության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Հագը՝ նշելով, որ քաղաքում իրավիճակը հանգիստ է:

Լուգանսկի ղեկավարի ասուլիսից հետո հաղորդվում էր, որ նա փախել է Ռուսաստան: Վերջին տեղեկատվությունը հրապարակել է վիդեոբլոգեր Կոնստանտին Դոլգովը: Ըստ նրա հրապարակած տեսանյութի, Իգոր Պլոտնիցկին օդանավակայանում է, սակայն հստակ չէ, թե որ քաղաքում է: Ենթադրաբար նա Մոսկվա է մեկնել Դոնի Ռոստովից:

Լուգանսկը գրաված զինյալները երեկ ապաշրջափակել են քաղաքի մի մասը, փողոցներից հեռացրել ռազմական տեխնիկան:

Ուկրաինայի ոստիկանության մամուլի խոսնակ Արտյոմ Շևչենկոն ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում Լուգանսկում, դա ահաբեկիչների տարբեր առաջնորդների միջև պայքար է իշխանության, ինչպես նաև ստվերային քրեատնտեսական գումարների հոսքերը տիրապետելու համար:

«Նրանք բոլորը գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ»,- ասել էր Ուկրաինայի ոստիկանության մամուլի խոսնակը:

2014 թվականի ապրիլից Ուկրաինայի արևելքում բռնկված զինված հակամարտության արդյունքում արդեն 10 հազարից ավելի մարդ է զոհվել: Հակամարտ կողմերը մի քանի անգամ հրադադար են հայտարարել, միջազգային միջնորդների օգնությամբ Միսնկի բանակցությունների արդյունքում 2014-ի սեպտեմբերին և 2015-ի փետրվարին հակամարտության լուծմանը ուղղված համաձայնագրեր են ստորագրվել, սակայն հարաբերական որոշ դադարներից հետո բախումները շարունակվել և շարունակվում են:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողներին ասել է, թե Մինսկի համաձայնագրերին այլընտրանք չկա:

XS
SM
MD
LG