Մատչելիության հղումներ

Հաշմանդամություն ստացած ԶՈւ մայորը՝ բազկամարտի աշխարհի չեմպիոն


Հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի չեմպիոն Սարգիս Ստեփանյան

Մայոր Սարգիս Ստեփանյանը Լեհաստանում կայացած հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի գավաթի առաջնությունից վերադարձել է 2 ոսկյա և մեկ արծաթե մեդալով։

Սարգիս Ստեփանյանը 2014 թվականի օգոստոսին ղարաբաղյան շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զինակից ընկերոջը փրկելիս վիրավորվել է, կորցրել աջ ձեռքն ու ոտքերը։ Մինչ այդ ծանրամարտում արդեն հաջողություններ գրանցած մարզիկին, սակայն, դա հետ չի պահել պրոֆեսիոնալ սպորտից։

«Հաշմանդամություն ունեցող մարդ լինես թե չլինես, ամենակարևորը ցանկությունն է, ձգտումն է, նպատակն է, հավատը: Եթե հավատում ես քո ուժերին, եթե դու նպատակասլաց ես, քո առջև դնում ես ինչ-որ խնդիր, կհասնես»,- «Ազատոթյանն» ասաց աշխարհի չեմպիոնը: Նրա խոսքով՝ հաղթանակին նպաստել են ոչ միայն 2,5 տարվա դժվարին մարզումները, այլև իր կողքին մշտապես կանգնած մարդիկ. «Հատկապես շնորհակալ եմ իմ մարզիչին և իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «Հայ վիրավոր հերոսների հիմնադրամին»: Նրանց բարձր հովանու ներքո կարողացանք մասնակցել աշխարհի գավաթի առաջնությանը և հաղթած վերդարձանք Հայաստան»:

Սարգիս Ստեփանյանի մարզչի՝ Արտավազդ Նալբանդյանի խոսքով, սա բազկամարտի ամենակարևոր առաջնությունն է, որտեղ մայոր Ստեփանյանը ոչ միայն իր քաշային կարգում է չեմպիոն դարձել, այլև ուրիշ կարգում։ Իսկ բացարձակ քաշային կարգում արծաթ է նվաճել։ «Քիչ կլինի, եթե ասեմ մեր նպատակին հասանք, որովհետև մենք գերակատարեցինք»,- ասաց մարզիչը:

Մրցակիցներն ուժեղ էին, սակայն նրանցից ոմանք նույնիսկ հրաժարվել են հայ մարզիկի հետ մրցելուց։ «Իմաստ չէին գտնում երևի»,- ասում է չեմպիոնը: Որդու հաղթանակներից հուզված հայրը՝ ղարաբաղյան պատերազմի վետերան Վանիկ Ստեփանյանը զարմանում է. «Մի ձեռքով մարդ երեք մեդալ բերի՞, դրանից էն կողմ ես ոչինչ չեմ տեսնում իսկական սպորտսմենի համար»: «Ե՞րբ է ծնողը երջանիկ լինում, երբ տեսնումն է, որ իր երեխան 10 քայլ, 100 քայլ իրենից առաջ է անցնում»,- շարունակում է հայրը:

Սարգիս Ստեփանյանի երկու որդիները ևս որոշել են շարունակել նրա գործն ու անգամ արդեն հասցրել են բազկամարտում հաջողություններ գրանցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG